Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/671

Այս էջը հաստատված է

տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում, 1994 թ. փետրվարի 19-ին № 33։ Տպագրվում է ինքնագրից։

Սույն հոդվածը, որը ժամանակին անտիպ է մնացել, կապվում է այն սուր բանավեճի հետ, որը 1914 թ․ ծագեց Թումանյանի և «Մշակ» թերթի միջև (տե՛ս «Հ. Առաքելյանը հսկում է մատաղ սերնդի բարոյականության վրա» և «Դոկումենտները» հոդվածների ծանոթագրությունները)։

1 Խոսքը Խաչի գյուղացի Վարդան Տեր-Գրիգորյանի «Անիրավությունից խեղդվում ենք» հոդվածի մասին է (Մշ, 1914, № 11), ուր հեղինակը մեղադրում է բանաստեղծի եղբորը՝ Ռոստոմ Թումանյանին։ Վերջինս իբրև Լոռու Մարց, Շամուտ, Աթան և Քարինջ վանքապատկան գյուղերի կալվածների կառավարիչ հակասությունների մեջ էր գյուղացիների հետ՝ հատկապես տարեկան տուրքերը մթերքի փոխարեն դրամով գանձելու պատճառով։ Ինչպես երևում է մամուլում տպագրված այդ նյութերից, տուրքերի գանձման այդ ձևը կատարվել է Էջմիածնի հոգևոր իշխանության կարգադրությամբ։ Օգտվելով առիթից, Թումանյանի հակառակորդները կեղծ նյութեր են տպագրել գյուղացիների անունից (Մշ, 1914, № № 11, 46, 52)։

2 Դատը նշանակված է եղել մարտի 15-ին (Մշ, 1914, № 58)։ Թումանյանն այդ օրը չի ներկայացել, որովհետև թյուրիմացաբար նրան չի հասել պաշտոնական կոչնագիրը։ Նա և Համբարձում Առաքելյանը Թիֆլիսի 2-րդ հաշտարար բաժնի դատարանի քննիչին ներկայացել են մարտի 22-ին, շաբաթ օրը։ Հաշտությունը չի կայացել։ Այս տհաճ պատմությունը ձգձգվել է ամիսներ (Մշ, 1914, № № 58, 61, 64, 74, 81, 101) և, ի վերջո, հոկտեմբերի 3-ին, առանց Թումանյանի դատարան ներկայանալու Թիֆլիսի վճռաբեկ ատյանը որոշում է կայացնում կռվող կողմերի միջև հաշտություն հաստատելու մասին (Մշ, 1914, № 232, Հր, 1914, № 192)։

3 Նույն ժամանակ, 1914 թ. մարտին Հ. Առաքելյանը դատի էր տրվել նաև Արամայիս Երզնկյանին՝ «Կովկասի լրաբերում» տպագրված մի հոդվածի համար։ Երզնկյանը նրան ուղղած բաց նամակում գրում էր. «Թող ձեր զրպարտությունների և հայհոյանքների շարքին անպատիժ կերպով ավելանա և մեր հասցեին շպրտած լուտանքները» (Հր, 1914, № 59)։


ԿԱՐԵՎՈՐ ՀՈՒՅՍՆ ՈՒ ԴԱՐԵՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

(էջ 433)

Անավարտ սևագրություն է, չի թվագրված, հավանորեն գրված է 1914 թ.։

Աղերսվում է «Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» իբրև պատմություն» ուսումնասիրությանը։