Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/683

Այս էջը հաստատված է

համապատասխանում իրականության։ Շարժումը սկսվել է գյուղացիության մեջ զանազան շրջաններում, տարածվել է մինչև Երևան և իր ետևից քաշել է մտավորականությանը։ Ստեղծվել է հետևյալ վիճակը. զենքերը ձեռքին կանգնած են միմյանց դեմ մի կողմից Հայաստանի բանվորներն ու աշխատավոր գյուղացիությունը. մյուս կողմից՝ կոմունիստների զինված ուժերը, և արյունը հոսում է առանց թշնամության ու փոխադարձ բնաջնջման հիմքի։ Ռազմաճակատում ընկեր կոմունիստները որոշ կերպով ասում էին, որ ամբողջ հեղափոխության ընթացքում Կարմիր բանակը չի ունեցել ավելի անիմաստ պատերազմ։ Ուստի, ջերմագին խնդրում եմ Ձեր հեղինակավոր միջամտությունը, որպեսզի շուտով վերջ տրվի այս ոչ ոքի համար հարկավոր արյունահեղության։ Կարևոր եմ համարում ավելացնել, որ հեղաշրջումից հետո ձերբակալված բանտարկյալներից և ոչ մեկը և ոչ մի ռազմագերի այստեղ չի գնդակահարված։ Համանման հաղորդագրություն անում եմ և ռազմաճակատի ընկեր կոմունիստներին։ Եթե պահանջվում են լրացուցիչ տեղեկություններ, խնդրում եմ կանչել ինձ ռադիոյի մոտ։

Այս հեռագիրը մեջ է բերում Հայաստանի փրկության կոմիտեի նախագահ Սիմոն Վրացյանն իր Հուշապատումի մեջ (տե՛ս «Հայրենիք», Բոստոն, 1923 թ., հետևյալ ծանոթությամբ. «Որպես հետևանք իր ծանոթությունների, նա մարտի 21-ին Օրջոնիկիձեին ուղարկեց հետևյալ հեռագիրը, որի բնագիրը, Թումանյանի սեփական ստորագրությամբ, ձեռքիս տակ է և, ուրեմն, առաջ եմ բերում միանգամայն հարազատությամբ ու բառացի կերպով (տե՛ս ԳԹ, 1990, 29 հունվարի, № 27)։


ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

(էջ 518)

Հավանաբար գրված է 1921 թ. մայիսին։

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Թֆ, № 234։ Մի սևագիր-ինքնագիր. «Ռոբակիձեի դասախոսության առթիվ» վերնագրով, որը տալիս ենք «Տարբերակներ» բաժնում, պահվում է ԹԹ, № 30 թղթապանակում։

Հայերեն բնագիրն առաջին անգամ տպագրվել է ԳԹ, 1932, 10 սեպտեմբերի, № 18, հետևյալ ծանոթագրությամբ. «1921 թվին, Վրաստանի խորհրդայնացումից հետո, Հովհ. Թումանյանը, որը Թիֆլիսի Հայարտան նախագահն էր, հրավիրել էր Գրիգոլ Ռոբակիձեին մի դասախոսության կարդալու վրաց գրականության մասին։ Այս դասախոսության առիթով մի հոդված լույս տեսավ վրացական «Սոց. Ֆեդերացիա» թերթում, որի մեջ մեղադրում էին Ռոբակիձեին մի քանի անընդունելի մտքերի և արտահայտությունների համար։ Թումանյանը ներկա հոդվածով դուրս է գալիս