և Ադրբեջանին ներկայացվող տեքստը փոքր-ինչ այլ կերպ է խմբագրված։ Իսկ Հայ գրողների ընկերության կոչը հասցեագրված է բոլոր ժողովուրդների պառլամենտներին, ակադեմիաներին, համալսարաններին, գիտական ընկերություններին և այլն։
Վերջերս Հայ գրողների ընկերության և Հայրենակցական միությունների խորհրդի նախագահ, բանաստեղծ Հովհ. Թումանյանը այցելեց գերմանական պատվիրակության նախագահ, գեներալ Ֆոն-Կրեսսին և նրան ներկայացրեց կոչի տեքստը՝ խնդրելով հանձնել Գերմանիայի կառավարությանն ու ժողովրդին։
Մեծ բանաստեղծը շատ սիրալիր ընդունվեց գեներալ Ֆոն-Կրեսսի կողմից։ Զրույցը տևեց 1½ ժամից ավելի։
Հովհ. Թումանյանը գեներալ Ֆոն-Կրեսսին մանրամասն ծանոթացրեց հայ ժողովրդի վիճակին և անհետաձգելի կարիքներին։ Ընդ որում՝ գեներալը հանդես բերեց Կովկասում տիրող իրավիճակի հիմնավոր իմացություն և պարզ պատկերացում Անդրկովկասի ժողովուրդների փոխհարաբերությունների մասին։ Զրույցի ժամանակ շոշափվեցին կոչում արծարծված թեմաները և գլխավորապես գաղթականության հարցը։ Գեներալ Ֆոն-Կրեսսին, որպես Գերմանիայի ներկայացուցչի, գաղթականության հարցի մասին, Հովհ. Թումանյանի ներկայացրած կոնկրետ խնդիրը կայանում էր նրանում, որ հայ գաղթականներին թույլատրվի վերադառնալ իրենց տեղերը և որ նրանց վերադարձվի Թուրքիային անցած գավառների հացի կեսը։ Գեներալ Ֆոն-Կրեսսը խոստացավ հնարավորին չափ աջակցել այդ խնդրի լուծմանը։
Այնուհետև <բանակցող կողմերը> շոշափեցին մի կողմից թուրքերի ու Ադբրեջանի, մյուս կողմից Հայաստանի միջև նորմալ հարաբերություններ հաստատելու հարցը։ Գեներալ Ֆոն-Կրեսսը նկատեց, թե այդ հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտում է Անդրանիկը՝ իր զանազան ելույթներով։ Ընդ որում՝ գեներալն առաջարկեց բոլոր միջոցներով ազդել Անդրանիկի վրա և նրան հետ պահել նման ելույթներից։ Դրան Հովհ. Թումանյանը պատասխանեց, որ նախ՝ Անդրանիկը գործում է առանց Հայաստանի կառավարության գիտության և համաձայնության և երկրորդ՝ այդ ելույթների հարցում նրան նպաստում են իրենք՝ թուրքերը։ Այդ պայմաններում ոչ ոք չի կարող նրա վրա ազդել։
— Ինչպե՞ս թե,—զարմացավ գեներալ Ֆոն-Կրեսսը։
— Շատ պարզ,—հետևեց պատասխանը։—Թուրքական կառավարությունը հայ գաղթականներին թույլ չի տալիս վերադառնալ իրենց տեղերը։ Մյուս կողմից՝ այն վայրերում, որոնցում հաստատվել են թուրքերը, նրանք հայ երիտասարդությանը հավաքում և քշում են անհայտ ուղղությամբ։ Եվ ահա՝ սոված, հալածված գաղթականները և սարսափահար երիտասարդությունը, փնտրելով նրա պաշտպանությունը, հազարներով համախմբվում