Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/76

Այս էջը հաստատված է

գեղջուկ անվանել, այլ մշակված Դրամբյան, «լուրջ կրիտիկոս» Դրամբյան, ազատամիտ թերթի աշխատակից Դրամբյան…

Եվ ահա մենք պարտավորված ենք էդ «լուրջ կրիտիկոս» Դրամբյանին ու հայոց ազատամիտ թերթին ցույց տալու, թե բանահավաքն ուրիշ է, բանաստեղծն ուրիշ, մեկի գրածի պատասխանատուն ժողովուրդն է, մյուսինը՝ ինքը։

Մի բանահավաք Афанасьев պարտական է հիշելու, թե որտեղ է լսել, օրինակի համար, «Золотая рыбка» հեքիաթը ու ետևիցն էլ բերում է նրա զանազան տեղերի տարբերակները, թե ինչպես մի տարբերակում ձկան դերը աղվեսն է կատարում, երրորդում, թռչնակը, չորրորդում՝ ծառը։

Մեկում ծերունու լավության փոխարեն են վճարում, մյուսում ուղղակի լավություն են անում խղճահարությունից։ Մեկում հարստություն են ուզում, մյուսում՝ իշխանություն, երրորդ<ում> ուզում են սուրբ դառնան։ Մեկի վերջում մնում են դատարկ, մյուսում՝ հարուստ ու երջանիկ, երրորդում դառնում են շներ…

Եվ ամեն վարիանտի տակ մարդը գրում է – Записано в Чердинском уезде, Пермской губ. կամ Записано в Енисейской губ.

Իսկ մի բանաստեղծ Պուշկին նույն ժողովրդից վերցնում է նույն հեքիաթը և գրում է․ «Сказка о рыбаке и рыбке».

Գրում է ու ստորագրում Ալեքսանդր Պուշկին։ Եվ որովհետև, երբ ասում են հեքիաթ, առակ, լեգենդ, ամեն մի գրականությունից տարրական հասկացողություն ունեցող մարդ, մինչև իսկ ռամիկը, գիտեն, որ էդ կնշանակի ընդհանուր, ժողովրդական ստեղծագործություն, որ ամեն մարդ էլ կարող է նյութ առնել ու գրել, պատմելով, փոփոխելով, ավելացնելով ու պակասեցնելով, հեռանալով կամ մոտիկ մնալով։ Եվ ահա Պուշկինն էլ էսպես է պատմում, շատ ու հավատարիմ մնալով բնագրին, և նրա գրածը արդեն ժողովրդականը չի և չի կարող ու չի էլ գրում վրեն ժողովրդական։ Եվ ռուսաց գրականության պատմությունը, Պուշկինի գրածի ու