Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/82

Այս էջը հաստատված է

ու սրտի բարությամբ, նա, որ իր ուժով երկրներ նվաճելու հետ իր առաքինություններով էլ ժողովուրդների սրտերն է նվաճում։


ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ ԵՎ «ՄՇԱԿԻ» «Շ»-ԵՐԸ

Հայոց տիպ ու տառի մեծ ու պայծառ տոնը դարձել է մի շատ այլանդակ կռվի առարկա։ Էդ ամոթալի կռվի պատճառը Թիֆլիսն եղավ, Թիֆլիսում էլ մի քանի մարդիկ։

Կռվի գլխավոր առարկաներից մինն էլ դարձրին Հայոց գրողների ընկերության գրական ֆոնդի խնդիրը։ «Մշակը» ամեն ձևով, երբեմն բաց թշնամի, երբեմն իբրև կեղծ բարեկամ, գրեց և շարունակում է գրել ու հորդորել գրական ֆոնդի դեմ։ Ճգնում է, որ դպրոցական-գրական մեծ տոնին գրական ֆոնդը ոչինչ չստանա։ Ասում է դա կխանգարի դպրոցական ֆոնդին, թեև միևնույն ժամանակ դեռ շարունակում է փող հավաքել իրեն, «Մշակի» ֆոնդի համար։ Երևի նա մտածում է, թե հայոց գրականությունը մի «Մշակ» չարժի կամ հայոց գրողները «Մշակի» խմբագիրների ու աշխատակիցների չափ արժեք չունեն հայ ժողովրդի համար։

Իր վատ նպատակին հասնելու համար, գրական ֆոնդին վնասելու համար, նա՝ «Մշակը», դուրս հանեց և շարունակում է դուրս հանել իր «Շ»-երը։ Եվ ահա վերջին № 146-ում էլ դուրս է եկել մի «Շ»։

Ո՞վ են էս «Շ»-երը, և կամ ո՞վ է էս վերջին «Շ»-ն։ Չեք կարող իմանալ։ Ծածկված է նա, նրա երեսը չեք տեսնելու։ Սակայն երբ մեկը ծածկում է իր երեսը ու էնպես է խոսում, նա արդեն երես չունի, աներես է։ Նա արդեն պատասխանատու չի կանգնած իր խոսքի համար, ինչ ասեք կգրի, և գուցե հենց ձեզ հետ էլ տեղն ընկած տեղը կզայրանա նույն «Շ»-ի դեմ, հազար ու մին մոլորություն կստեղծի, ապականություն կմտցնի մեր, առանց էն էլ վատ բարքերի մեջ։ Ես հասկանում եմ, երբ մարդ մի լավություն է անում և իր անձն ու անունը ծածկում, էդ համեստություն է, առաքինություն