Թողե՞ց արդյոք Վրաստան յուրայիններից կամ գաղթեցին դեպ այլուր՝ անհայտ է նույնպես։ Մայմեխի տաշանց ժամանկ սարդարը և Հասան խանը սրան ընծա ուղարկեցին ալ բինեկ և ղայլան թանկագին. նույն տաշանց մեջ, որ պիտի հետո իմանանք, խոստացած էին սարդարը և Հասան խանը [բացի] երբեք չվնասել Դսեղին, այսինքն՝ ուզբաշիների ժողովրդին և կամ նորանց, որոնք կապավինեն նորանց, և շատ մարդիկ ազատեցին իրանց կյանքը մահից ուզբաշիների անունով. զորօրինակ, Ձորագյուղացի Չարչոնց Սահակր և..... գերի բռնվեցան Հասան խանի զորքերից և տարվեցան Երևան, ուր երկար ժամանակ բերդում մնալուց հետո ազատվեցան ուզբաշիների անունով և թե ինչպես են ազատվել, հետո կգրեմ։
Մեռնում է Մեհրապը, ասացի, խորին ծերության, թողնելով իրան հաջորդ և ազգին նահապետ ու պահապան յուր անդրանիկ որդուն՝ Հովակիմին։ Տերսանք մեծ սգով թաղեցին իրանց բազմախնամ հորը Լուսավորիչ եկեղեցու արևմտյան գավթում:
Բարձրահասակ էր նա և հաղթանդամ, հուժկու ձայնով, երկայն ու հինա դրած մորուքով (մեծ նշանակություն ուներ այն ժամանակ պարսկական սովորությունները այդ ժողովրդի վրա). նորա անունով Տերսանց «Մեհրապանք» ևս անվանեցին³։
Գոգի-Գորգի—կամ Գեորգ. երկրորդ որդին Բարխուդարի. Մեհրապի փոքր եղբայրը. կարճահասակ, սաստիկ ճարտարաբան և ծիծաղաշարժ մարդ են ասում. սա թե ինչ սխալ բան է բռնում, բարկանում է վրեն հայրը՝ Մեհրապ պապր, ծեծում է և աքսորում տնից։ Վեր է կենում գալիս Ջաղիձոր կոչված ձորը իրանց խոտհարկը և այնտեղ սկսում է մաքրել, այգի տնկել, գիշերները քնում է կտրի վրա դարսած խոտի վրա, իսկ ցերեկները գործում, տանիցը ծածուկ հաց են բերում և տալիս իրան. դորանից հետո վեր է կենում և գալիս Տփխիս, ուր ընդունելություն է գտնում վրաց Գեորգի արքայից և վերադառնալու ժամանակ առանձին գրով ճորտեր է տալիս, տալիս և ճանապարհ դնում (Խռատանք)։