Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/196

Այս էջը հաստատված է

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ «ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ԵՎ 1828 թ.1

ՌՈՒՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

էն ժող <ովուրդը>, որ իր պատմությունը չգիտե, նա ուրիշ բան էլ չի իմանա։

Կովկասում եղած ռուս-տաճկական կամ ռուս-պարսկական պատերազմները իրենց հետևանքներով, գուցե էդքան նշանավոր չեն եղել կռվող կողմերի համար, որքան կովկասյան ժողովուրդների համար։

Այդ պատերազմներից էր 1828 թ. ռուս-պարսկական պատերազմը, որ մեր ժողովրդի մեջ հայտնի է «Երևանի կռիվը» անունով։

Պատերազմի առիթը սահմանի խնդիրն էր, որ չէր որոշվում։

Բայց սահմանի խնդիրը միայն պատրվակ էր։ Ճշմարիտն էն էր, որ Պարսկաստանը, հատկապես Աբբաս Միրզա թագաժառանգը, ուզում էր ետ առնի 1813 թ. Գյուլիստանի դաշնագրով ռուսների [խլած] տիրած Ղարաբաղի ու Թալիշի խանությունները։ Ռուս կառավարությունը լավ գիտեր, որ Ղարաբաղն ու Թալիշը տալ միևնույն էր թե տալ նաև Թիֆլիսն ու հեռանալ Կովկասից։