Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/244

Այս էջը հաստատված է

Նույն իմաստով թուղթ է գրել տալիս և Դավիթ վարդապետին, ու Շաքարոյի հետ ղրկում թագաժառանգին։

Թե երբ է ձեռնադրվում Դավիթ վարդապետը եպիսկոպոս՝ չենք իմանում, տեղեկություն չկա մեր ձեքին եղած դոկումենտներում, բայց մի քանի տարուց հետո, 1792 թվի հուլիս ամսին ահա թե ինչ է գրում Ղուկաս կաթողիկոսը Գեորգի արքայորդուն։ Ասում է.

«Մի ժամանակ որ մեզ գրեցիր Հաղպատա միաբան կոչված Դավիթ վարդապետին եպիսկոպոս ձեռնադրելու համար, թեև պատասխանեցինք, թև վանք ու վիճակ չունի, որ վրեն ձեռնադրենք, սակայն որովհետև մեզ ստիպելով խնդրեցիր, քո քաղցր խաթեր համար նրան ձեռնադրեցինք եպիսկոպոս։ Հետո ժողովուրդն ու դու խնդրեցիք, որ Հաղպատա առաջնորդ [էլ] նշանակենք, էդ էլ արինք։ Թե գրով, թե բերանացի էլ պատվիրեցինք համեստ ու խաղաղ կյանք վարի ու հոգ տանի վանքի շինությանը։ Բայց նա էնպես մի ուղիղ ճանապարհ չբռնեց, որ հաճելի լինի աստծուն, թե մարդկանց։ Լեզգիների հարձակումից [հետ միաժամանակ] հետո* վանքը դատարկեց, եկավ քաղաք ու էլ ետ չվերադարձավ։ Շատ ավերակներ նորից շինվեցին, իսկ նա վանքի՝ ուրիշների շինել տված շենքերն [փայտեղենն] էլ քանդեց, բերեց էդտեղ (Թիֆլիսում) որջ հաստատեց իրեն համար, ու վանքը թողեց ամայի։ Եվ նրա անկարգությունների մասին, թե քանի-քանի ամբաստանության թղթեր ու գանգատներ են հասել մեզ թե մերոնցից և թե ձերոնցից — էստեղ երկարելն անտեղի կլիներ։ Բայց մեր երկայնամտությունը ավելացրեց անզգամությունը մինչև էն աստիճան,

  • Անշուշտ կաթողիկոսը ակնարկում է 1785 թ. աշնանը լեզգիների հարձակումը, երբ Ավարի Օմար խանը 11 հազար ընտիր լեռնականներով Կովկասի սարերից իջավ, ոտնատակ տվեց Կախեթը, անցավ Բորչալուն, սեպտեմբերի 20-ին մտավ Լոռու ձորերը, ավերեց ու կողոպտեց գյուղերն ու վանքերը և հեռացավ սեպտեմբերի վերջին, երբ Հերակլ թագավորը խոստացավ տարեկան որոշ գումար վճարի նրան: <Ծ. Հ.>