Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/275

Այս էջը հաստատված է

Ժողովուրդներ կան, որ արջի մասին խոսում են առանձին երկյուղածությամբ և երբեք անունը չեն տալիս, այլ ասում են «նա», «ինքը»։ Եվ նա, ասում են, իմանում է իր մասին խոսածը, որտեղ կուզեք, խոսեք։

Նա աստծու որդի է` արջի կերպարանքով երկիր իջած ու նվիրական։

[Եվ] մասնավորապես մեծ է արջի պաշտամունքը ռուս ժողովրդի մեջ, բայց առհասարակ հյուսիսային և բարեխառն կլիմաներում։ էս կլիմաների ժողովրդական հին զրույցներում արջը նույն դերն ունի, ինչ դեր որ ունի առյուծը հարավային երկիրների ժողովուրդների զրույցների ու առասպելների մեջ։

Դեռ հնուց Արիստոտելը հյուսիսային երկնքի ամենանշանավոր համաստեղության՝ մեծ կամ փոքր արջի անունով ճանաչելը բացատրում է էս երկիրներում եղած արջի պաշտամունքով։

Աշխարհքի ամենահնագույն գրավոր հիշատակարաններից մինն էլ, որ կա կենդանիների մասին, բարոյախոսը (ֆիզիոլոգ), արջին անվանում է զգայուն ու մարդասեր և առանձնապես ընդգծում է նրա՝ ձմեռվան հողմը շնչելուն պես քուն մտնելն ու գարնան շնչի հետ զարթնելը։

Ասես թե էսպեսով նա որոշում է ժամանակն ու եղանակի չափը։

Եվ էստեղ նկատեցեք, որ Հայկն էլ մեզանում «առաջին տոմարագիր կըսվի, որ է ժամանակի և տարվո չափ ու շրջան որոշող» (Ալիշան, Հին հավատք հայոց, 119)։

Եվ ահա էսպես ազգի տոտեմն ու դյուցազնը խառնվելով, ձուլվելով ու նույնանալով մի բառի մեջ միացել են, միասին միացած պաշտվել, աստվածացել, աստղ դարձել ու երկինք վերացել դարձել Հայկ համաստեղությունը։ Եվ մեր ժողովուրդը [մինչև այժմ] որ [էսօր] Հայկ աստեղատունը (Օրիոն) անվանում է շամփուր քշերք և կամ քար ու քշերք՝ տեղ-տեղ մինչև էսօր պահել է հին Հայկ կամ Խեք անունը։ Այըգ են անվանում և թուրք-մոնղոլական ցեղերի մեջ, որ և արջի իմաստն ունի և որսկան դյուցազունի։