Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/281

Այս էջը հաստատված է

հակառակն եմ կարծում, որ կա մի աղբյուր, որ Դավիթ անունը տվել է և՛ հայ էպոսին, և՛ հայ իշխաններին, և՛ [ամբողջ] Վրաստան, և՛ Ռուսաստան, և՛ ամբողջ Եվրոպա։

[Սովորաբար էս երևույթը] Մինչև հինգերորդ գարը Դավիթ անունը գրեթե չի երևում մեր երկիրներում։ Այնուհետև է միայն [երևում] հաճախանում, իսկ թուրք֊մոնղոլական արշավանքների շրջանում ուղղակի մեր երկիրները լիքն են Դավիթներով։

Սովորաբար էս երևույթը բացատրում են ս<ուրբ> գրքի ազդեցությունով։

Ինձ թվում է, թե դրանով հարցը չի սպառվում26:

Համենայն դեպս մեր էպոսի Դավիթը հայ իշխաններից ու սուրբ գրքից չի առաջ գալիս, ինչպես որ Մայրս Մելիքն էլ պատմական անուն չի։

Մելիք (Մելքոն և Մոլոխ) սեմիտական հեթանոսական կրոնի մեջ Բելին հավասար պաշտամունք ուներ և Մելիք կնշանակի թագավոր, այսինքն՝ աստվածների թագավոր։ Բայց սրա մեջ զարգացած էր Բելի միայն դաժան կողմը։ Մելիքը [քանդող] ոչնչացնող ու ավերող ուժի գաղափարն էր ներկայացնում և մարդազոհ էր պահանջում (Религия древн<их> нар<одов>, Арх. Хрис.<анфа>, II, 276):

Եվ էս Մելիքը կամ Մոլոխը Ասորեստանի կամ Մուսուրի ժողովրդի դաժանությունն է [մարմնացնում] հանդես բերում հայկական էպոսի մեջ։

Ասորեստանցիների [ժողովրդի մասին] ընդունակությունների ու բարձր կուլտուրայի մասին վկայելով հանդերձ [բոլոր] հին արձանագրությունները և պատմաբանները ցույց են տալիս, որ նրանք՝ «Մի արյունկզակ ժողովուրդ էին, բռնաբարող ու ստախոս, վավաշոտ, ծայրահեղորեն հպարտ, խաբեբա ու դավադիր։ Մի ազգ չի եղած, որ նրանցից ավելի եզականորեն գործ դրած լինի ուժի իրավունքը։ Ավերում, էրում էին իրենց անցած տեղերի քաղաքները, ողջ-ողջ մորթազերծ էին անում ու հարդով լցնում