Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/31

Այս էջը հաստատված է

րերականությունը, ճարտասանությունը, տրամաբանությունը ծալում, «ղրաղ» է դնում ու սկսում է յուր հայրենիքի վերքը՝ յուր սրտի ցավը ժողովրդի լեզվով հայտնել ու պատմել՝ գրականության մեջ անսասան դնելով աշխարհաբարի հիմքը։

Այդ ժամանակները գյուղերից ուսումնատենչ պատանիները փախչում են քաղաք ուսում առնելու, մարդ դառնալու համար։ Այդ ժամանակները քաղաքներից երիտասարդները հազար ու մի նեղություններով իրանց գցում են եվրոպական համալսարանները և միշտ հիշելով հայրենի երկրի խեղճութլունը, օր ու գիշեր ճգնում ու տքնում են նրա համար լույս ու մխիթարանք բերելու լուսավորության արևելքից։ Եվ իրար հետևից վերադառնում, գալիս են բարոյական ու կենցաղավարական նոր հայացքներով ու հասկացողություններով․ ժողովրդի լուսավորությանը ծառայելու, նրան բարձրացնելու տենչանքներով վառված ու ոգևորված սկսում են մի մոլեռանդ գործունեություն՝ մի չտեսնված իրարանցում ձգելով ընդարմացած ժողովրդի խավերի մեջ։

Այդ կենդանության թարմ ու առողջ մի շունչ էր, որ փչեց մեր քնաթաթախ թմրած կյանքում, սթափեցնելով ու ցնցելով՝ մինչև ուր հասավ։ Այդ մեր նոր կյանքի արշալույսն էր, որի նշույլները հենց որ սլացան մեր խավար կյանքում, աղատարար կոչնակի նման Ռուսաստանի Հյուսիսային ծայրից լսվեց ազգային վերածնության հառաջընթաց բանաստեղծի ձայնը—

Հառա՛ջ հայություն,հառա՛ջ ազգություն,
Լուսավոր դուրս գաղափարներով³։

(Ս․Շահազիզ):

Այդ բոլորովին նոր երգ Էր, նոր խոսքերով ու եղանակով։ Նա պարզ ու հասկանալի լեզվով հառաջ Է կանչում ժողովրդին. գիտության, կրթության, լույսի ու ճշմարտության անունով Էր հուզում ու խրախուսում, յուր ոգևորության հետ Հասարակաց պիտույքն Էր բարձրացնում Պառնաս և ձգտում Էր լինել հասարակաց զգացմունքի թարգմանն ու բարձր արտահայտությունը։