Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/394

Այս էջը հաստատված է

Ռուսական Բասենում հայ կանայք սուգ են պահում պատերազմի առիթով, բոլոր զարդերը թողած, սև հագած, ուրախության վերջ։

Նահանջի, գաղթի ժամանակ պլաստունները, կոզակները և մնացած զորքը մեծ օգնություն են ցույց տվել ժողովրդին: Պլաստուն կոզակները օրերով իրենց դիրքերում պահել են երեխաներին։

Бакинскй полк-ը փախել է։ էդ պոլկի մեծագույն մասը հայ է։ Նրա հրամանատարը վրացի է՝ Նիժարաձե և հայատյաց։ Իրեն արդարացնելու համար հայերին է մեղադրել, թեև մի քանի հոգու հայերի գնդակահարելու դեմ է խոսել (Մատթեոս Մելիքյան) և այլն։

Սարիղամիշ էլ վկայեցին, որ մայիսից սկսած, ինչպես ամեն տեղ, բոլոր շները ոռնում էին։

Գիշերվա ժամը 5-ին Խունունցը, Սմբատն ու <1 անընթ.> եկան (ուրիշ տեղ էին քնած), թե մեր տան պոլկովնիկին եկան հայտնեցին, թե թուրքերը գալիս են Սարիղամիշի վրա։ Զարմացանք, ծիծաղեցինք, խոսեցինք ու վեր կացանք լվացվեցինք, նստեցինք թեյի։ Տանտերը մեզ դուրս կանչեց ցույց տվեց դիմացի սարի վրա՝ զինվորները դիրք էին բռնել — շարված էին։ Մի քիչ հետո երեք ռուս զինվոր էին անցնում հազիվ քայլելով, հոգնած էին — փախուստից։ Ապա թե ներս բերին (կարսեցի Կարապետը) Քեռու խմբի մի կամավորի, որ պատմեց...

  • Բաքվի գունդը: