Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/446

Այս էջը հաստատված է

երբ թուրք֊թաթարական ցեղերը հորդեցին դեպի արևմուտք և մեր երկիրը հեղեղեցին ու նստեցին մեր կուլտուրայի ավերակների վրա, դրա հետ միասին և մեր լեզվի։ Էդ ազդեցությունը առհասարակ վաղուց էր եղած, բայց մի անգամ մեծ չափով։

էս արդեն ոչ թե փոխառություն էր կանոնավոր ու կամավոր, այլ հեղեղում։

Հայոց լեզուն որդեգրել է շատ բան <1 անընթ.>, ընդունել, յուրացրել ու մարսել։ Արդեն դարձել են միս ու արյուն։

Լեզվի թե ստուգաբանությունը (բառերի կազմությունն ու փոփոխությունները) [և], թե համաձայնությունը (բառերի ու նախադասությունների հարաբերությունը) անկարելի բան է, որ մաքուր ու անաղարտ լինեն մի որևէ ժողովրդի մեջ։[Նրա] լեզվի մեջ միշտ մնում են զանազան քարացած ձևեր, իր զարգացման, կյանքի ընթացքում որևէ շրջանից մնացած, այլև հազար ու մի փոխառություններ, ազդեցություններ, լեզվական հիվանդություններ և նույնիսկ հասարակ սխալներ։

Բայց սրա հետ միասին ամեն մի լեզու ունի իր ընդհանուր օրենքը, շարադասությունն ու բնավորությունը, իր շեշտն ու ոգին։

Նախնական մարդու կարծիքով, խոսքը իր նշանակած առարկայի հետ խորհրդավոր կապ ուներ։ Խոսքն արտասանել` կնշանակեր առարկան շոշափել։ Խոսքով ցանկանալուն՝ օրհնանք թե անեծք, պետք է հետևեր գործողությունը։ Եվ շատ խոսքեր, որ այժմ մերկ, դատարկ խոսքեր են մեզ համար, մի ժամանակ ահռելի բնավորություն ունեին։

Սակայն մերկ խոսքր բարձր կուլտուրայի պարզաբանությունն է, նախնական մարդը չէր կարող մերկ խոսքով բավականանալ։ Եվ ահա նա խոսքերի, այսինքն՝ խորհրդավոր ուժերի հետ գործ ունենալիս գործ էր ածում և համապատասխան շարժումներ ու գործողություններ։