Այստեղ կարիք չկա ամենևին հիշելու հայ հեղինակների տասնյակ գրվածքները, որոնց մեջ ոչ միայն դուրս բերված կան մահմեդական տիպեր, այլև ամբողջապես վերցված են մահմեդականների կյանքից, այստեղ ամենևին կարիք չկա հիշելու այն բազմաթիվ հոդվածներն ու ամեն տեսակի գրությունները, որոնց մեջ հայ ինտելիգենցիան աշխատել է ազգերի ու ժողովուրդների մերձեցման օգուտները՝ բացատրել։ Կարիք չկա, որովհետև խնդիրը մեղադրանքի կամ արդարացման մեջ չէ, և մենք երբեք չենք մեղադրի մեր վրացի կամ մահմեդական եղբայրներին, թե ավելի քիչ են ծանոթ հայ կյանքին, քան հայերը՝ նրանց։
Մենք կուզեինք խնդրի ուրիշ կողմին նայել։ Ցանկությունը բոլորի կողմից կա, մերձենալու տրամադրությունը բոլոր ժողովուրդների մեջ կա, սակայն հիմքը սխալ է դրըված։ Հողվածներով, տիպերով շատ քիչ բան արած կլինենք մենք, և որքան էլ շարունակենք հարցն արծարծել ու իր թարմութան մեջ պահել, այնուամենայնիվ հետևանքը խոշոր չի լինելու։ Այսքան ժամանակ արծարծել ենք մենք հարցը ու մանավանդ միմյանց մեղադրել կամ արդարացել, բայց այդ բոլորից ի՞նչ օգուտ, այսօր քանի՞ հայ ինտելիգենտ կա վրացերեն կամ թուրքերեն իմացող, քանի վրացի կա՝ հայերեն ու թուրքերեն իմացող, և քանի թուրք կա, որ կարողանար գեթ գրել֊կարդալ հայերեն կամ վրացերեն։
Հիմքից պետք է սկսել:
Մայրենի և պետական լեզուների կողքին հարևան ազգությունների լեզուն մինչև որ իր պատշաճավոր դիրքը չըստանա մեր սովորող սերնդի մեջ, մենք միշտ կմնանք միմյանց չհասկացող «մենակ մարդիկ», միշտ կդատապարտենք միմյանց փոխադարձ անծանոթության պատճառով և միշտ էլ կզգանք նրանից ստացած վերքի կսկիծը 4։