Այդ պատճառով անկանոն են պարապմունքները, տուժում են և՛ ուսուցիչները, և աշակերտները: Գործը մնում է այդ դրության մեջ տարիներով։ Իսկ ի՞նչ է անում հոգաբարձությունը։ Շատ սովորական բան, հազարիդ մի անգամ գործից խոսելիս կռիվ են անում, իրար մեղադրում ու ցրվում, ցրվելուց հետո մոռանում, գնում իրենց ցավերի ետևից ու, երբեմն էլ, աշխարհք է էլի, քեֆ են անում։ Եվ ահա այսպիսի մի քեֆի ժամանակ էլ հյուրերից մինը տեղից վեր է կենում մի տաք ճառով բացատրում է ուսումնարանի նշանակությունը, սեղանի վրա է դնում շենքի խնդիրը, և հանդիմանում է, և հորդորում, ու ինքը, մի գումար դնելով մեջտեղը, հարկադրում է ուրիշներին էլ միանալ իրեն հետ՝ վերջացնել հայոց ծխական դպրոցի շինությունը։ Եվ դա մի ռուս սպա է — կապիտան Կարավկո։
Կապիտան Կարավկոն իր այս վարմունքով եթե միայն Ջալալօղլու հայոց դպրոցի շենքի խնդիրն առաջ տաներ, մենք թերևս այսքան ուշագրավ չհամարեինք դեպքը; Բայց Կարավկոն և իր նմանները իրենց այսօրինակ վերաբերմունքով մի ավելի մեծ շենք են շինում և շինում են ժողովուրդների սրտերի մեջ։ Այդ այն սիրո, եղբայրության, համերաշխության սրբազան շենքն է, որի համար այնքան խոսվում է ու գրվում, բայց իրական քայլեր քիչ են լինում։
Քայլեր, որ համոզեին, թե քո եղբայրն է խոսում, և ոչ միայն խոսում է, այլև ձեռքը ձեռքիդ է տալի քո բեռը տեղից շարժելու։
Այսօր մի Կարավկո Ջալալօղլոլ դպրոցական շենքի խնդիրն է սրտին առնում, երեկ մի իշխան Ջանդիերի Շու֊ լավերի գյուղի ջրանցքի գործի գլուխն է կանգնում, ինչպես իրենցից մինը, մեկել օրը մի ուրիշը—Շուշվա հայոց որբանոցի դռները չի թողնում փակվեն։
Եվ ինչպես գրում են թղթակիցները, սրանց անունները կմնան տեղացիների սրտերում։