Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/490

Այս էջը հաստատված է

ու Ա. Սարուխանյանը՝ «յորովայնէ ընտրեալ» Օրմանյան կարդինալներ։

Ահա այնտեղից է դուրս եկել օրմանյանական հարբուխը և վարակել մեր վաճառականներից շատերին։ Նրանցից ոմանք այդ լավ են հասկանում, իսկ մնացածները շատ են զարմացած, թե ինչո՞ւ այդպես եղան։ Իսկ երբ վաճառականներն այդպես եղան, մեր թերթերից մեկն ու մյուսն էլ ստիպված էր իրեն ցույց տալ այդ հիվանդությունով բռնըված՝ մինը շատ, մյուսը՝ քիչ։ Ուրիշ ճար չկար։ Միակ անկեղծ օրմանյանականը մենք համարում ենք «Հովիտը», որը լավ գիտի, որ Օրմանյանի կաթողիկոսությունը հաջողելու դեպքում ինքը Մանթաշովի կանտորից էլ ավելի մեծ իշիաանություն կունենա1 ։

14. ՁԵՐ ԱՆՈՒՆՆ ԵՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

Թիֆլիս, 16 Հոկտեմբերի

Այսօր Թիֆլիսի համարյա բոլոր եկեղեցիներում նշանակված Է ծխական ժողով՝ պատվիրակներ ընտրելու համար: Անցյալ կիրակի ընտրություններ չկայացան՝ ծխականների պահանջված թիվը չլինելու պատճաոով։ Կանոնադրության համաձայն այսօր, իբրև երկրորդ ժողով, ընտրությունները կկայանան, որքան Էլ ծխականներ ներկա գտընվեն: Պատվիրակների ընտրության վերաբերմամբ մենք մեր վերջին խոսքն ենք ասում։ Ընթերցողներին հայտնի են այն տեսակետն ու սկզբունքները, որոնցով «Հորիզոնը» մոտենում Է այս ընտրություններին։ Մենք կուզեինք, որ ինքր ժողովուրդր, ծխական համայնքը գար ասպարեզ, և թույլ չտար զանազան բախտախնդիր անձնավորությունների՝ ընտրությունները ղեկավարել ու ժողովրդի անունը շահագործել: Ինչպես հայտնի Է, մեր մեջ մի տգեղ սովորություն կա. հավաքվում են մի քանի պատահական մարդիկ, որոշ գույնի և ուղղության ու խոսում, վճիռներ են կայացնում ամբողջ համայնքի կողմից: