Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/497

Այս էջը հաստատված է

որոնք ջերմորեն սկսել են զբաղվել կաթողիկոսական հարցերով, ավելի վտանգավոր են իր շահերին, քան անգամ օտար թշնամիները։ Օրինակներ առաջ բերելու կարիք չկա։ Ով մեր կյանքի վերջին քառորդ դարի պատմությունը հիշում է, նա լավ գիտե, թե ինչ նկատումներով և ովքեր էին հայ ազգի բախտը որոշողները, որոնք առիթ տվին իրենց գործելակերպով, իրենք դոնքիշոտական ավանտյուրայով արյան բաղանիքներ ստեղծել թե՛ այստեղ Կովկասում և թե՛ , մանավանդ, Տաճկահայաստանում...» («Սուր֊ հանդակ», 415)։

Իսկ «Մշակի» խմբագիր Հ. Առաքելյանի՝ Պոլսից գրած թղթակցությունները, որ շարունակվում են դեռ իր՝ Կովկաս հասնելուց հետո էլ, անշուշտ, հիշում են ընթերցողները։

Այս ամենի վրա, եթե ավելացնենք և այդ օրվա բորբոքված կրքերը, «Հորիզոնին» մնում էր միայն գարշել ու մերժել ամեն մի կազմակերպված ընտրական պայքար։

Եվ այս բոլորից հետո մարդ մոռանում է ընտրությունն էլ, .կաթողիկոսն էլ։

Այս բոլորից հետո մնում է դիմեք և ամբողջ Եվրոպայի վկայությունը բերեք, թե Տաճկաստանում հայերր չեն եղել արյան բաղանիքներ ստեղծողը, կամ ստիպված եք սենատոր Կուզմինսկու քննությունները բերեք, թե հայերր չեն արյան բաղանիքներ ստեղծել Կովկասում։ Եվ այս բոլորը պետք է բերեք հայոց մամուլի դեմ։ Եվ կամ աշխարհքը կանչեք հարցնելու՝ թե ինչո՞ւ ով Օրմանյանի դեմ խոսի, հեղավւոխական է։ Մի՞թե հեղափոխական է Պոլսի «ժամանակ» թերթը, որ Օրմանյանի դեմ է։ Մի՞թե հեղափոխական է «Բյուզանդիոնը»՝ իր խմբագիր Բյուզանդ Քեչյանով, որին հեղափոխականները ծեծեցին, և որը խոսում է Օրմանյանի դեմ։ Մի՞թե հեղափոխական է դոկտոր Բազիլը, որ գրում է Օրմանյանի դեմ, և որին «Մշակում» ու «Բյուզանդիոնում» գրած հակաօրմանյանական հոդվածների համար այդ միևնույն Գ. Ենգիբարյանը հայհոյեց ու անվանեց Զիբիլ։ Մի՞թե հեղափոխական է Մեսրոպ քահանա Մելյանը, որ շարունակ