Մի քանի ժամանակ առաջ հայհոյում էր մեզ, թե ինչպես, ենք կասկած ձգում իրեն վրա թե օրմանյանական է։ Նրանից հետո էլ գնաց Թիֆլիսի բորսայի դահլիճում զուտ օրմանյանականների ժողովին նախագահեց ու Օրմանյանին հայտարարեց միաձայն ընտրելի։ Այսօր էլ գրում է, թե՝ «Անկեղծորեն ասելով, մինչ այդ ես բնավ չէի կասկածում, որ այդ ժողովը այնպես միահամուռ կերպով կհայտարարեր իրան օրմանյանական, և երբ այդ պատահեց, ես աշխատեցի հաշիվ տալ ինձ, որոնել և հասկանալ այդպիսի, ինձ համար անակնկալ երևույթի պատճառը,..» (Մշակ, № 230)։ Սակայն դրանից հետո էլ, կիրակի օրը նորից նախագահում է օրմանյանականներին և նորից սկսում է հոխորտալ օրմանյանականների ընտրությամբ։ Եվ, այնուամենայնիվ, շարունակում է հայհոյել, թե ինչու են իրեն անվանում օրմանյանական ։ Մարդ ակամա ստիպված է բացականչելու, երանի՝ ոչ թե օրմանյանական, թեկուզ դիվական լինեիր, բայց ոչ այսքան խաբեբա։
Հաստատ հավատացած ենք, որ Թիֆլիսի վաճառականները, մոտիկից տեսնելով խաբեբայի այս հրեշավոր տիպը, շատ պիտի զարմանան։ Իրենց միջի ամենախաբեբան էլ դժվար թե այսպիսի հանդգնությամբ խաբի տգետ բորչալվեցի թարաքյամային, ինչպես այս մարդր խաբում է գրել֊ կարդալ գիտցող հասարակությանը։
Առաջին հոդվածում ասում է՝ հաղթանակը տարավ այն կուսակցությունը, «որ մեր մեջ կոչվում է կադետային, որին միացել էին նաև պահպանողականները»։ Մի երկու օրից հետո գրում է, թե դրանք «առաջադիմական բանակին պատկանող մարդիկ էին», «անկախ բոլորովին կղերական ֊պահպանողական հոսանքից»։
Բայց ինչու՞ են միացել այս բանակները և ինչո՞ւ է այս ւարշավանքը։ Հավատացնում է, թե «Հորիզոնի» դեմ է, որովհետև նա աշխատում է «ամեն ներելի և աններելի միջոցներով գահ բարձրացնել Սուրենյան արքեպիսկոպոսին»։