խմբագիրը, ինչ ազգի, լեզվի ու հասարակական դավանանքի էլ պատկանելիս լինի նա, անկարող է մի օր իր թերթը խմբագրել, առանց մայրաքաղաքից ստացած 10—15 լայնէջ, մեծադիր թերթերն աչքի անցնելու, սակայն նույն խմբագիրը թերթը խմբագրում է տարիներով, առանց տեսնելու անգամ իր կողքի տպարանից լույս տեսնող թերթի երեսը:
Եվ դրա հետևանքն ի՜նչ է լինում. կարծիքների այն քաոսը, ճանաչողության այն այլանդակությունը, որ այսօր գոյություն ունի։ Որովհետև այդ կարծիքներն ու ճանաչողությունը հիմնված են ստության և կեղծիքի վրա։
Իսկ այդ ստությունն ու կեղծիքը ո՞վ է մտցնում մեր հարևան օտարազգի և նույնիսկ հայկական օտարատառ թերթերի մեջ։ Մենք այդ տիպերի մասին դեռ անցյալ տարի ենք խոսել, դրանք մեր միջից են դուրս գալիս, հայկական մըթնոլորտից վիժված թերուս համբակներն են կամ նեղ թայֆայական միտումներից կուրացած անպորտֆեյլ դիպլոմավորները։
Եվ ինչե՜ր ասեք չեն անում դրանք հայ ժողովրդին ու ինտելիգենցիային իբր թե ծանոթացնելու համար ռուս, վրացի կամ թուրք մտավորականների հետ։ Վերջերս այդ բանն ավելի նկատելի է մանավանդ վրաց թերթերի՝ այսպես ասած «հայկական բաժնում»։ Կղերականն այնտեղ հռչակվում է ազատամիտ, ստախոսը՝ ամբողջ ազգի ու մտավորականության մտածումների ներկայացուցիչ, հառաջադեմը դուրս է բերվում խավարամիտ։ Եվ ինչո՞ւ: Որովհետև վրացական թերթերի դժբախտ «հայկական բաժինը» գրչի աֆերիստների խղճին ու իրավունքին է մնացած։ Սրանք իրենք «հոդվածներ» են թխում հայկական թերթերում, աղաչանքով ու պաղատանքով մի կերպ իրենց խղճուկ մտքի արդյունքը հաջողեցնում են տպել տալ և հետևյալ օրր այդ խղճուկ հոդվածի թարգմանությունը հրամցնում են վրացի միամիտ խմբագիրներին, իսկ սրանք առանց կասկածելու աշխատակցի բաբոյական բնույթի վրա, իրենց հերթին հրամցնում են