Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/535

Այս էջը հաստատված է

Հովհաննես Թումանյանի Երկերի լիակատար ժողովածուի սույն 8-րդ հատորի մեջ բազմազան նյութեր են մտնում։ Գրքի կեսից ավելին կազմում են Թումանյանի գիտական ուսումնասիրուտյունները՝ նվիրված Հայոց պատմության, գրականության և բանահյուսության տարբեր հարցերի (այդ թվում նաև սեփական տոհմագրությունը): Առանձին բաժին է հատկացված Թումանյանի օրագրերին (որոնք վերաբերում են 1912—1915 թթ.), ինչպես նաև կյանքի վերջին տարիներին կատարած այն գրառումներին, որոնց հիման վրա նա մտածում էր գրել մի ընդարձակ ինքնակենսագրական գործ։ Հաջորդ բաժիններում ի մի են հավաքված, նախ՝ մի շարք անավարտ հոդվածներ և տարբեր գրառումներ և ապա՝ «Հորիզոն» թերթի էջերում տպագրված ավելի քան երկու տասնյակ անստորագիր հոդվածներ։ Թեև վերջիններիս՝ Թումանյանի գրչին պատկանելը որևէ կասկած չի հարուցում, բայց նպատակահարմար համարվեց չներմուծել դրանք բանաստեղծի գրական-հրապարակախոսական հոդվածների ընդհանուր շարքը, այլ առանձնացնել հատուկ խմբի մեջ, քանի որ այդ հոդվածները գրվել են իբրև թերթի խմբագրության ընդհանուր դիրքորոշման արտահայտություն և ունեն հարցադրումների ոճի համապատասխանն առանձնահատկուտյուններ: Հատորը եզրափակվում է Վ. Բելինսկու, Ֆ. Նիցչեի և Դ. Օվսյանիկո - Կուլիկովսկու երկերից թարգմանած առանձին հատվածներով, որոնք կարևոր են Թումանյանի բանասիրական և փիլիսոփայական հետաքրքրությունների շրջանակը լրիվ պատկերացնելու համար։

Գիտական ուսումնասիրությունների, ինքնակենսագրական գրառումների և «Դիտողություններ լեզվի մասին», «Երազն իմ կյանքում» հոդվածների բնագրերը պատրաստել և ծանոթագրել է Հասմիկ Աբեղյանը, իսկ հատորի մնացած նյութերը (օրագրեր, անավարտ նյութեր և գրառումներ, անստորագիր հոդվածներ և թարգմանական էջեր) — Սուսաննա Հովհաննիսյանը։ Թումանյանի գիտական ուսումնասիրություններին նվիրված ներածական հոդվածը գրել է էդվարդ Ջոբաշյանը։ Հատորի վերջում զետեղված է Թումանյանի Երկերի լիակատար ժողովածուի սույն հրատարակության 1-8-րդ հատորների մեջ մտնող նյութերի ընդհանուր այբենական ցանկ-ուղեցույցը, որը կազմել է Իրիտա Վարժապետյանը։

Այս հատորի համար հիմք ծառայած ինքնագրերը պահվում են Գրականության և արվեստի թանգարանում և բանաստեղծի ընտանեկան արխիվից Թումանյանի թանգարանին անցած թղթապանակներում։