Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/543

Այս էջը հաստատված է

սահմանափակություն, որն արտահայտվել է ժողովրդայնության և ազգասիրության վերացական ըմբռնման, հայրենիքի իրական կյանքին ու կենցաղին անծանոթ լինելու մեջ։ Դա ոչ թե նրանց մեղքն էր, այլ դժբախտությունը, քանի որ, ապրելով հայրենի երկրից հեռու, Պատկանյանը, Շահազիզը և մյուսները չէին կարող իրենց հոգեբանության և ստեղծագործության մեջ կրել ժողովրդի բովանդակ կյանքը։ «Ո՛չ ապրեցին հայի գյուղում, — իր նախորդների մասին գրում է Թումանյանը, — ոչ քնեցին հայ գյուղում, ո՛չ լեզուները խոսաց նրանց հետ, ո՛չ ականջները լսեց նրանց, ո՛չ նրանց ուրախությունը տեսան, ո՛չ տրտմությանը վրա հասան։ Եվ ահա իրանց ահագին տաղանդներով հանդերձ սխալներ արեցին հայրենի բնությունը երգելիս, ժողովրդի կյանքն ու սովորությունը պատմելիս, լեզուն խոսալիս»։ Այնինչ իսկական ազգային բանաստեղծությունը, Թումանյանի համոզմամբ, բնութագրվում է ոչ թե գաղափարական քարոզներով, պատմական և աշխարհագրական անունների առատությամբ, այլ նրանով, թե կա՞ արդյոք նրա մեջ հայի ոգի ու շունչ, վիշտ և ուրախություն, սովորություն և զգացմունք։

Ահա այս դիրքերից ելնելով, Թումանյանը քննարկվող աշխատության մեջ առաջ քաշեց իր տեսությունը հայ նոր գրականության երկու ճյուղերի մասին։ Մեկը օտարության մեջ ապրող և ստեղծազործող այսպես կոչված տարաշխարհիկ գրողների խումբն է (Պատկանյան, Ալիշան, Շահազիղ և ուրիշներ), իսկ մյուսը հայրենի միջավայրից ներշնչանք ստացող բնաշխարհիկ գրողներինը (Աբովյան, Պռոշյան, Աղայան, Սունդուկյան և ուրիշներ)։ Ճիշտ մեկ դար է անցել այղ տեսության ստեղծումից, որին, ի դեպ, Թումանյանը բազմիցս անդրադարձել է նաև հետագա տարիների հոդվածներում ու ելույթներում։ Այսօր՝ 100-ամյա հեռավորությունից, թերևս մասամբ չափազանցված է թվում նշված թևերի այն խիստ հակադրությունը, որ կատարել է Թումանյանը։ Սակայն ընդհանուր առմամբ նա ճիշտ է նկատել նոր շրջանի հայ գրականության մի բնորոշ առանձնահատկություն, որը պայմանավորված էր ազգային կյանքի ցավալի հանգամանքներով («պանդուխտ ժողովուրդ—պանդուխտ գրականություն»)։ Դա Թումանյանի առաջադրած գրականագիտական կարևորագույն դրույթներից մեկն է, որը հայ գրականության պատմագրության մեջ շրջանցվել չի կարող։

Գրական շարժման այն նոր փուլը, որին պատկանում էր նաև ինքը՝ Թումանյանը, նա բնութագրել է, ամենից առաջ, ժողովրդի կյանբին ըստ ամենայնի մերձենալու, նրա հոգեկան դիմագիծը ներսից բացահայտելու ձգտումով։ Իզուր չէ, որ քննարկվող աշխատությունն ավարտվում է մի աներկբա և կտրուկ կոչով. «Դեպի ժողովուրդը, դեպի բնությունը, հայո՛ց գրողներ»։ Այս խոսքերը կարող էին լինել նաև տվյալ գործի սկիզբն ու ելակետը։ Թումանյանի շուրթերում սա նշանակում էր նաև աշխարհը հարազատ ժողովրդի աչքերով տեսնելու և նրա ձգտումների դիրքերից