Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/546

Այս էջը հաստատված է

ընտրեց հայ-ռուսական համագործակցության և վստահության ամենափայլուն դրվագը՝ Արևելյան Հայաստանի ազատագրումը XIX դարի 20-ական թվականներին, ռուս-պարսկական պատերազմի ընթացքում։ Եվ՝ քանի որ այդ պատմական դարաշրջանի լավագույն գեղարվեստական հուշարձանը «Վերքն» է՝ «մեծ տանջանքը, մեծ պատերազմի ու մեծ հույսերի ժամանակի վերքը», Թումանյանն էլ իր պատմական քննության գլխավոր աղբյուրներից մեկը այդ գիրքն է դարձնում։ Նա հիմնավորում է այն միտքը, որ, չնայած տեղ-տեղ հանդիպող առանձին «չափազանցություններին ու սխալներին», Աբովյանի վեպն ամբողջության մեջ վերին աստիճանի «ճշմարտապատում է ու հարազատ իր ժամանակին և քաջածանոթ դեպքերին ու դեմքերին»։ Իզուր չէ, որ մի տեղ նա Աբովյանին անվանում է ռուս-պարսկական պատերազմի Եղիշե։

Թումանյանը համոզված էր, որ նոր պատմական փորձությունների առջև կանգնած հայ ժողովրդի մեջ պետք է վառ պահել Աբովյանի ոգին և առաջին հերթին՝ հայ-ռուսական դաշինքի գաղափարը։ Եվ Աբովյանի գրքի «մեծության գաղտնիքը», նույնիսկ «սրբազան գիրք» հռչակվելու հիմքը նա համարում է այն, որ վեպում ամենայն հարազատությամբ և հրաթափ լեզվով արտահայտվել է հայրենիքի ազատագրության պատմական պահը, ազգային այն գիտակցությունը, ըստ որի «ռուս բառի տակ հայը հասկանում էր փրկություն, ազատություն»։ «Վերքի» համազգային արժեքը ավելի սրա մեջն է, — ասում էր Թումանյանը։ - Իսկ այն հանգամանքը, որ աշխարհաբար է գրված — դա երկրորդական բան է. նրանից առաջ շատերն են գրել աշխարհաբար և նույնիսկ ավելի լավ, քան Խ.Աբովյանի լեզուն է»։ Սա մի լուրջ նորություն էր աբովյանագիտության մեջ, հանգուցային մի դրույթ, որը կապվում է Թումանյանի անվան հետ։

Աշխատության պահպանված մասերն իրենց բովանդակությամբ հաճախ դուրս են գալիս ռուս-պարսկական պատերազմի և Աբովյանի վեպի քննության սահմաններից, վերաբերում են հայ ժողովրդի «պատմության փիլիսոփայությանը», նրա ողբերգական ճակատագրի հիմքերին առհասարակ։ Շատ ջանք է նվիրել Թումանյանը Հայաստան ներխուժած ցեղերի (սասաններ, արաբներ, սելջուկներ, մոնղոլներ, օսմանյան թուրքեր և – այլն) կրոնի, ռազմավարության, կյանքի ու կենցաղի առանձնահատկությունների պարզաբանմանը, քանի որ այդ ամենը թափվել է հայ ժողովրդի գլխին, պայմանավորել նրա դժնդակ ճակատագիրը։ «Եվ զարհուրելին էն է, — գրել է Թումանյանը, — որ էդ ճակատագրի պատճառները պատահական չեն ու վաղանցուկ, այլ մեծ մասամբ մշտական, հաստատուն բնության օրենքների նման, ուստի դրանց հետևանքներն էլ մնում են ու գալիս են անվերջ»։

Այդ մշտապես գործող պատճառներից մեկը, որին հատուկ ուշադրություն է դարձնում Թումանյանը, եղել է հզոր տերությունների բախման թատերաբեմ դառնալու հանգամանքը։ Հաճախ Հայաստանի հողում է