Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/551

Այս էջը հաստատված է

վանական կյանքի օրենքների դեմ, Թիֆլիսում լինելու նրա փորձերը։

Հարցի էության մասին շատ բան է ասում նաև այն զուգահեռը, որ անց է կացվում Սայաթ-Նովայի կյանքի և դարասկզբին հասարակական լայն հետաքրքրություն հարուցած Լևոն Շանթի դրամայում աշխարհիկ և հոգևոր սկզբունքների հակադրության պատկերների միջև, ասելով. «Եվ ահա էստեղ էլ վրա են հասնում օրերի «Հին աստվածները», ու բացվում է մեր առջև հայոց մեծ գուսանի կյանքի ու հոգու մեծ դրաման, որ 1795 թվի սեպտեմբերի 11-ին փակվում է Աղա Մահմուդ խանի արյունոտ խանչալով և ստիպում է մեզ իրեն Սայաթ-Նովայի հետ բացականչելու. «Վա՛յ քու դարին, ՍայաթՆովա» («Հորիզոն», 8 դեկտեմբերի 1913 թ., M 276),

Այսպես, թեև Թումանյանի այս հետազոտության և համապատասխան զեկուցման հիմնական եզրակացությունը՝ Սայաթ-Նովային Դավիթ եպիսկոպոսի հետ նույնացնելու դրույթը ի վերջո չհաստատվեց, բայց այդ առիթով մեծ գուսանի մարդկային և բանաստեղծական նկարագրի գնահատականները շատ խորն են ու ճշմարտացի։ Ահա թե ինչու այս փոքրիկ ուսումնասիրությունն իր անփոխարինելի տեղն ունի ոչ միայն Թումանյանի գիտական աշխատությունների շարքում, այլև առհասարակ սայաթնովագիտության մեջ, իբրև նրա որոնումների ու տեսակետների զարգացման մի հետաքրքիր դրվագ։

5. «Հայկական էպոսի բառարանից»։—Ըստ ժամանակի, վերջին իր դիտական ուսումնասիրությունը Թումանյանը նվիրել է հայ ազգային էպոսի հարցերին։ Ավելորդ է երկար խոսել այն մասին, որ այդ բանահյուսական ժանրը շատ մոտ էր նրան և որպես բանաստեղծի (արդյունքը եղավ դեռ դարի արշալույսին դրած «Սասունցի Դավիթը»՝ հայ ժողովրդական էպոսի լավագույն գրական մշակումը), և որպես թարգմանչի (հիշենք ռուսական, սերբական և ամերիկյան ժողովրդական ասգերի հիանալի թարգմանությունները), և որպես հետազոտող-գրականագետի։ Վերջին հարցի առնչությամբ վերհիշենք պատերազմի տարիներին գրած հոդվածներր («Ազգերի պատերազմն ու իրենց դյուցազունները», «Երկու բառ հայոց էպոսից», «Մի երկու խոսք սերբ ժողովրդական էպոսի մասին», «Հսկայի ազատությունը»), որոնցով, սակայն, Թումանյանը բավարարվել չէր կարող: Աշխարհի ժողովուրդների էպոսների և նրանց վերաբերող բազմազան գիտական աշխատությունների երկարամյա ուսումնասիրությունը ի վերջո նրան հանգեցրեց հայկական էպոսը միջազգային առնչությունների մեջ քննելու մտքին։ Այդ գործը, որի վրա Թումանյանն աշխատել է 1920—1921 թթ, իր բովանդակությամբ շատ ավելի լայն է, քան նրա «լոկալ» վերնադիրը («Հայկական էպոսի բառարանից»), այն միտում ունի ընդգրկելու մեր էպոսի ծագման, զարգացման փուլերի և գեղարվեստական մեծության բոլոր հիմնական հարցերը։