50-ամյակը» հոդվածը («Վտակ», 1908 թ., հունիսի 5, X 119), որից հետո, ըստ երևույթին, նա ձեռնարկել է այս ուսումնասիրությունը։
1910 թ. տպագրված «Տխուր Գ. Վ.-ին» հոդվածում Թումանյանը նշում էր. «<…> Առաջիկայում եթե տպագրության տամ մի համառոտ գրական-պատմական տեսություն, որ արել եմ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանիի» 5Օ-ամյակի առիթով…» (ՍՀ, հ. 6, էջ 189)։ Ուրեմն, այս ուսումնասիրությունը բանաստեղծի ուշադրության կենտրոնում մնացել է մինչև 1910 թվականը և ավելին՝ 1912 թ., ինչի մասին վկայում են արխիվում պահվող բազմաթիվ և բազմապիսի նշումներով, զանազան աղբյուրներից քաղվածքներով, լրացումներով՝ տարբեր ձևի ու չափի թերթիկները։ Դա հաստատում է նաև ինքը՝ բանաստեղծը, 1912 թ. մարտի 7-ին Պետերբուրգից որդուն՝ Արտավազդ Թումանյանին գրած նամակում։ Անդրադառնալով «Վերք Հայաստանիի» մասին իր գրած ուսումնասիրությանը նա պատվիրում է այդ մասին շատ չխոսել. «...էնքան կասեք, նույն բանը կտաք ուրիշներին, որի վրա ես տարիներ աշխատել եմ»։
Ինքնագիրը բաղկացած է երեք վերնագրված գլուխներից, ա) «Աբովյանի «Վերք Հայաստանին» և 1826 թ. ռուս ֊ պարսկական պատերազմը», բ) «Աբովյանի «Վերք Հայաստանին» և ռուսաց զինվորական տարեգրությունը» գ) «Երևանի առումը և հայոց պատմությունը»։ Ունի նաև նախաբան։
Տարբերակներից առաջինը վերաբերում է նախաբանին, մյուսը, վերնագրված «Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» և 18<28> թվականի ռուս– պարսկական պատերազմը», հիմնական բնագրի նույն վերնագիրը կրող գլխի սևագիր տարբերակն է։ Այստեղ մտնում է նաև ու սումնասիրության ընդարձակ պլանը, գրված առանձին տետրում։ Ըստ այդ ծրագրի՝ աշխատության մեջ ամենայն մանրամասնությամբ պետք է վերլուծվեին «Հայերի և Կովկասի գրությունը պատերազմից առաջ», «Ռուս-պարսկական հարաբերությունները նախքան կռիվը», «Պատերազմի առիթն ու սկիզբը», «Թուրքերի, պարսիկների ու հայերի վերաբերմունքը և հայերի վիճակը», «Ռուս կառավարության վերաբերմունքը և կարգադրությունները պատերազմի սկզբում», «Հայերի վիճակը կռվի ժամանակ», «Բանակների շարժումներր և գործողությունները»։ Առանձին գլուխներ պետք է կազմեին՝ «Աղասին», «Նշանավոր դեպքեր ու դեմքեր», «Պատերազմի վերջը», պետք է լինեին նաև տարբեր ժողովուրդների ու ցեղերի կյանքը քննության առնող բաժիններ։
Ուսումնասիրությունը գրելիս Թումանյանն իր ձեռքի տակ ունեցել է «Վերք Հայաստանի» վեպի երեք՝ 1858. Թիֆլիսի, 1897 թ. Մոսկվայի և 1908 թ. Բաքվի հրատարակությունները։ Նա ամենայն մանրամասնությամբ համեմատել է բնագրերը, կատարել փաստերի համակողմանի ստուգում, ճշտում, ուղղում և լրացում՝ պատմության հարցերից մինչև վեպի կետադրությունը՝ այս դեպքում հանգես գալով որպես բնագրագետ: Գրքերի