Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/659

Այս էջը հաստատված է

Անստորագիր հոդվածներին աոաջին անգամ լրջորեն անդրադարձել է Լ. Կարապետյանը, որոշելով ավելի քան մեկ ամսվա ընթացքում (1911 թ. հոկտեմբերի 30—դեկտեմբերի 22) Թումանյանի գրած խմբագրական առաջնորդողների և մամուլի տեսությունների ցանկը («Հովհաննես Թումանյան, հասարակական գործունեությունը (դրվագներ)», Ե., 1992,էջ 94)։ Սույն հատորում այդ հոդվածները ներկայանում են 10-րդից մինչև 22-րդը ներառյալ: Իսկ 1-ից մինչև 9-ըդ և 23-րդ հոդվածների՝ Թումանյանի գրչին պատկանելը որոշվում են սույն հատորում առաջին անգամ՝ կազմող Սուսաննա Հովհաննիսյանի կողմից։

Ուսումնասիրության ընթացքում դրանք համեմատվել են Թումանյանի՝ ստորագրված հոդվածների ու ելույթների հետ, ուշադրության են առնվել հատկապես գրելու շարժառիթը, բանաստեղծի գրած ու հատկապես ստացած նամակները, որտեղ կան կոնկրետ վկայություններ այդ հոդվածների՝ Թումանյանի գրչին պատկանելու մասին։ Երբեմն ուղղակի ապացույց են Թումանյանի գրառումներում հանդիպող խոստովանությունները, որ այս կամ այն կոչի ու առաջնորդողի հեղինակը ինքն Է, և կարող Է պատասխան տալ նրանում արտահայտված յուրաքանչյուր մտքի համար։

Ներկայացվող բոլոր հոդվածներն Էլ առանց բացառության մոտ են հրապարակախոս Թումանյանի հետաքրքրություններին, վերաբերում են այնպիսի հարցերի, որոնք մշտապես հուզել են գրական-հասարակական, ազգային ու քաղաքական գործիչ Թումանյանին. բազմաթիվ են լեզվաոճական նմանության օրինակները, ինչպես՝ հեշտ կարող Է պատահել, հրաժարիլ, հյուրերից մինը, աշխարհք Է Էլի, մեկել օրը և այլն։

Իհարկե, երբեմն հանդիպում են թումանյանական ոճին խորթ բառեր ու արտահայտություններ, բայց պետք Է հաշվի առնել, որ դրանք խմբագրական հոդվածներ են, որոնց մեջ Թումանյանը հարկ չի համարել միշտ պահպանել իր անձնական ոճին բնորոշ առանձնահատկությունները և տեղ Է տվել գրական լեզվի տարածված ձևերին, լրագրության ընդունված ոճերին։ Այս հանգամանքը, սակայն, չի խանգարել, այդ հոդվածներում ես առկա, թումանյանական ոճի պարզությանը, հստակությանը, հակառակորդին մերկացնելու սուր լեզվին, կարճ, դիպուկ խոսքին, և որ ամենակարևորն Է՝ գաղափարների հետևողական սկզբունքայնությանը։

Անստորագիր հոդվածների ինքնագրերը չեն պահպանվել:

Արտատպվում են առաջին անգամ՝ «Հորիզոնից»։