Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/68

Այս էջը հաստատված է

այս բարոյական ցեխը, [հիշեցեք, որ դա արտահայտություն է մի հասարակության], որ հասկանաք, թե ինչպես և ինչքան կարող էր այդտեղ աճել ու բարգավաճել գեղարվեստի քնքուշ ծաղիկը:

Մյուս կողմն եք նայում, սակայն մեր ինտելիգենցիայի մեջ կար մարդկանց մի այլ կարգ, որ հարգում էր բանաստեղծությունը։ Սրանք [էլ] սխոլաստիկ [գաղափարներով] հասկացողություններով ու ոգով սնված, գրաբար ճարտասանության ու Թեսավրոսի փոշին կուլ46 տված մարդիկ էին, որոնք բանաստեղծությունը համարում էին ընտիր բառերի մի հանգավոր և ճարտարվեստ կուտակումն, արվեստական մի փեշակ, որ կարելի էր սովորել ու սովորեցնել: Այս բարի մարդիկը, որ [թերահավատ էին դեպի եվրոպական ազատ մտածողների խոսքերը], գոնե չէին հիշում Լամբրոնացու խոսքերը, թե՝ «Զսա ՛ի բան ձգել և պատմել՝ անարգութիւն է շնորհին և ուսմամբ զսոյն ճանաչել՝ անկարութիւն է լսողին… մի՛ կարծիս դիտել բնավ կամ ուսանել յօտարաց, մինչև ի քէն է սորին տեղեկութիւն բըղ՜ խեալ և յորժամ ուսանես, ապա հաստատես յանձն՝ թէ ոչ գիտես»47։ Եվ քանի տարի է անցե՛լ այն օրից, երբ մեր լավագույն ուսումնարաններում [\բանասեր\] Հ. Գալֆայանի հանգարանի օգնությամբ բանաստեղծություն էին ուսուցանում, պատվիրում էին ոտանավորներ գրել։ [Միթե] հայող գրականության պատմությունը չպետք է մոռանա այն օրերն ու ոտանավորները, որոնցից այստեղ ևս մի երկու նմուշ կբերեմ։

Մի հայտնի Հայկաբանի պատվերով 6 <֊րդ> դասատան աշակերտները բանաստեղծություններ են գրում: Նրանցից մեկն այս է.

Ջավահիր տատը թոնրան կողքին նստած
Հավաքել էր շուրջը թոռներին սիրած.
Թե ինչ էր զրույցը փոքրիկ խմբակին՝
Ցանկացողք կարող են լսել ՛ի ծակեն դռնակին։