Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/73

Այս էջը հաստատված է



Ուր որ կուզես, հոգ չէ, գնանք,
Միայն հայրենիք չըտանես…

(Նույն)։

Գնաց ողջունելու անապատներին ու կայծակներին և պատմելու, թե «մենք թառամում ենք դեռ երիտասարդության մեջ, ծանր ենք շնչում, մենք հիվանդ ենք, օ՜, ինչպես հիվանդ» (Նույն, երգ IV), և այնպես պատմեց, որ աշխարհքն էլ տրտմությունից, հուսահատությունից հիվանդացավ։

Ահա ձեզ երկու զանազան ժամանակներ միևնույն ազգի կյանքում և ահա նրանց զանազան ծնունդները։ Բայց ի՞նչ պետք է անեին այդ ժամանակները, եթե Շեքսպիրն ու Բայրոնը հեռու լինեին Անգլիայից, մանկությունից ապրեին, օր<ինակ> Ռուսաստան: Իհարկե, նրանք չէին կարող լինել ո՛չ Շեքսպիր, ո՛չ Բայրոն։

Եվ այսպես, անգլիական ազգինն է այն շունչը, որով ապրում է Շեքսպիրի հանճարը, Անգլիայինն է այն ձայնը, որ նա որոտացնում է դարերի գլխին։ Եվ նա, բոլոր ազգերի մեծ ու հարազատ բանաստեղծը նախ և առաջ Անգլիայի մեծ բանաստեղծն է և նրան է ավելի հարազատ։ Նմանապես Բայրոնը, թեև հիասթափված Եվրոպայից, Անգլիայինն է [և] այն հուսահատության գիշերը, այն խոշոր մելամաղձոտության աղջամուղջը, որ Բայրոնի հզոր ձայնը տարածեց ամբողջ աշխարհի վրա։

Անգլիայի մեծ բանաստեղծն է նա, թեկուզ և «Եբրայական մեղեդիների» մեջ Սիոնն ու Երուսաղեմը երգի։ Անգլիայի մեծ դրամատուրգն է մյուսը, թեկուզ Հռովմի կյանքից առնի յուր ողբերգությունների բովանդակությունը։ Մի՞թե Պուշկինն ու Լերմոնտովն էլ Կովկասի լեռներն ու վայրենի վարքն ու բարքը չեն երգել. բայց ո՞ր վրացին կամ չեչենը նրանց յուր բանաստեղծը կհամարի։ Արդ, մի կարևոր հարց., ինչո՞ւ է այս այսպես. որովհետև իրանց մայրենի լեզվով, ոճով ու ոգով են երգել: