Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/119

Այս էջը հաստատված է

Ափսոսում եմ, որ չկարողացա ձեր գրքերը կազմած ուղարկել, այդ մեղքն էլ ընկնում է մի ազնիվ պարոնի վրա, որն ինձ չարաչար խաբեց, և, ասենք դուք կներեք, սևերես դուրս եկա բազմաթիվ բարեկամ օրիորդների մոտ։

Համբուրում եմ և աղոթքիդ ապավինելով մնում՝

Քո Հովհաննես

<Հ. Գ.> Առաջվա ուղարկած գրքերը տերերին տվեցի՞ր, թե իսկի չստացար փոստից։

49. ՍԻՄԵՈՆ ՀՈՎՎՅԱՆԻՆ
Թիֆլիս–Բաքու
1893, մարտի 22, Թիֆլիս
Սիրելի Սիմեոն,

Ես քեզ մինչև այժմ նամակ չէի գրում, որովհետև սպասում էի օրեցօր գրքիս, ասում էի գրքի հետ միասին կգրեմ, երկու խարջը մեկ կլինի։

Գրքիս ձայնը գուցե վաղուց լինես լսած, մինչև անգամ այդտեղ տեսած։ Այդ այսպես էր. մի 150 օրինակ ստացա և ցրվեց։ Հենց այդ օրերում պ. Արսեն Կրասիլնիկյանն էլ այստեղ էր և բարեհաճեց բանաստեղծորեն սաղացնելու համար 30 օրինակ վերցնել։ Այնպես որ քեզ և Սեդրակին այն ժամանակ չկարողացա ուղարկել։

Այժմ ուղարկում եմ 20 օրինակ. 8-ը բաժանորդներիդ, իսկ 12-ը անհապաղ կվաճառես։ Երկու հատ էլ առանձին թղթում կան, մեկը քոնն է, մյուսը Սեդրակինը։

Այո, խնդրեմ բարևս տարածես պ. Կրասիլնիկյանի և Սեդրակի առաջ։

էգուց չէ էլօր այստեղ կլինի Արիստակես եպիսկոպոսը, հետո կիմանամ ինչի համար է գալիս, կգրեմ1։