Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/122

Այս էջը հաստատված է

Երեխանց պատկերը հանելիս եթե լինես, Մուշեղին քուլաջով կտանես, լավ կլինի, թե դու էլ հետները նկարվես։

Եթե ինձ վերա նամակներ գան, մոտդ պահիր, Ջալալօղլի չուղարկես։

Բարևիր իմ և տերտերի կողմից տանըցոնց, համբույր երեխանցը և բարևիր նույնպես մեր բարեկամներին։ Շատ եմ շտապում։

Մնաս բարյավ՝
քո Հովհաննես
52. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ջալալօղլի-Թիֆլիս

1893, 22 հուլիսի, Ջալալօղլի
Ս<իրելի> Օլա

Գուցե նամակս մեզանից հետո հասնի, բայց այսուամենայնիվ դրսում եմ երկու պատճառով։ Մեկ նկարագրելու կամ ավելի ճիշտ իմացնելու, որ երեկ ճաշին Նատաշի մոտ էինք և չկարողանալով, ինչպես որոշված էր, նույն օրը ճանապարհ ընկնել, գիշերն ևս մնացինք։ Մեր կացած տներում1 այժմ բնակվում է մի զորապետ 30 ռուբլով. ներքի սենյակներն էլ են վարձով տվել, այնպես որ իրանք բնակվում են մի սենյակում։ Մենք և իրենք այդ մի սենյակում պետք է քնեինք և այսպես արեցինք, իրանց դուրս արինք գիշերը, մենք երկուսով բռնեցինք սենյակը և ծիծաղելով հիշեցրինք, որ՝ «գարեուլի մոսուլա, շինավուրի գասուլա»[1]։

Երկրորդ պատճառն եղավ Թիֆլիսից եկած լուրը, թե սաստիկ շոգ է և հիվանդություն կա. իհարկե, արդեն ուշ է և այստեղից դժվար է օգնել, բայց չգիտեմ, երբ որ այդ սաստիկ շոգերից դուք, մանավանդ երեխաները, որ այդտեղ

  1. Վրացական ասացվածք՝ «Դրսինները ներս մտան, ներսինները դուրս եկան»։