Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/131

Այս էջը հաստատված է

չհավանեցի դիրքդ, պոզան, ափսոս, ես քեզ հետ պավիլիոն չբարձրացա։ Գնացել ես անճաշակ ձևով քիթդ դեմ արել ապարատին, գոնե կիսապրոֆիլ նկարվեիր։ Այսուամենայնիվ պատվիրեցի, որովհետև ուրիշ հնար չկար։ Այժմ գանք այն խնդրին՝ թե ոնց եղավ, որ ես չեկա գնալուդ ժամանակ կայարան։ Ահա թե ոնց եղավ։ Վեր եմ կենում, մի ժամ առաջ դուրս եմ գալիս տանից դեպի կայարան. Կաթոլիկաց փողոցում1 պատահում են մի խումբ թունդ կարմիրներ2-ու՞ր ես գնում—ասում եմ, գնում եմ Արսենին ճանապարհ դնելու։

- Գիժ ես, ինչ ես, էս իրիկուն ժողով ունենք, դու պետք է տեղեկություններ տաս։

Խնդրում, աղաչում եմ, որ ինձ թողնեն, էլի ժողովին կհասնեմ։ Մանավանդ, օր. Սողալյանին խոստացել էի և գիտեի, որ նրանք էլ ինձ են սպասում։

Ինչ արի, չարի, չկարողացա ազատվել, մանավանդ Մողնականների ժողովն էր, իսկ ես Մողնու ժողովուրդ եմ3։ Ժողովի մասին ավելորդ է խոսել. միայն մյուս օրը արդեն ինձ լուր հասավ, թե Նունեն ասաց, երդվեց ինձ հետ հավիտյան չխոսալ, որովհետև իրիկունը հագնված երկու քույր սպասել են մինչև կես գիշեր՝ ես խաբել եմ, չեմ գնացել։ Շուտով պատահեցի օրիորդին, իմ անմեղությանը վկա կանչեցի աշխարքի բոլոր մեռելների գերեզմաններր և բոլոր ժողովականներին, և օրիորդի հավիտյանը կարճացրի, շինեցի երեք օր։

Քո գնալուց հետո դարձյալ սկսվեց այն երեկույթներ4։ Մի քանի գիշեր շարունակ չեմ քնել։ Անցյալ օրը մինչև կես գիշեր մի տեղ էի, կես գիշերից դենը՝ մյուս։ Պատահում է մի օրում երեք տեղ են հրավիրում։ Այլանդակ, խայտառակ կյանք ենք վարում, տեսար էլի։

Անցյալ գիշերը մի վեչերում ես ու Նունեն կենացդ երկու անգամ խմել ենք։ Բարևում են բոլոր քո ծանոթ օրիորդները, այս քանի միտս է ասեմ, մասնավորապես՝ օր. Նունեն։