Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/136

Այս էջը հաստատված է

Անցյալ կիրակի թե շաբաթ երեկոյան հրատարակչական ընկերության ընդհանուր ժողովն էր3. շատ մանր-մունր և հիմար խնդիրներ բարձրացան ու ընկան. վերջը ես մի առաջարկություն արի (գուցե այս էլ էր հիմար). խոսացի թարգմանական հեղեղի դեմ, ասեցի, որ րնդհանրապես գրականության մեջ, և մասնավորապես հրատարակչական ընկերությունը սաստիկ նպաստելով թարգմանությանը, խեղդում են ինքնուրույն գրականությունը։ Այդ միջոցը ես համարում եմ ինքնուրույն աշխատանքի ստոր գնահատությունը. թարգմանությանը տալիս են 20-25, ինքնուրույնին 25-30. զանազանությունը 5 ռ. են գտել։ Ամեն մարդ ձեռնհաս լինելով՝ թարգմանություն է անում և փող ստանում, և հեղինակը, որ կարող էր ինքնուրույն բան գրել մտածում է՝ մի վեպ գրելու համար պետք է նստեմ ամիսներով չարչարվեմ, որ ստանամ, ենթադրենք, 100 ռուբլի, ավելի լավ չի լինիլ՝ մի շաբաթ նստեմ, մի բան թարգմանեմ՝ ավելի շատ կստանամ։ Այսպիսով տուժում է ինքնուրույն գրականությունը, տուժում է և ընկերությունը, որի գրքերով չի հետաքրքրվում ժողովուրդը։

Եվ առաջարկեցի ընկերությանը՝ զանազանել. ինքնուրույն գրողի աշխատանքը թարգմանողի աշխատանքից, գրողի տաղանդը՝ թարգմանողի եռանդից, և բարձրացնել ինքնուրույն գրականության գինը, գոնե երկու անգամ ավելի թարգմանականի գնից։ Սրանից աղմուկ դուրս եկավ, հետո հավաքվեցին գլխիս, ոմանք համաձայն էին, ոմանք՝ դեմ: Կռվի մեջ հիշեցի և պատմեցի քո և Շիրվանի մասին։ Վերջը ինձ առաջարկեց ժողովը, որ իմ առաջարկությունը մի թղթով տամ վարչությանը և հրավիրենք արտակարգ ընդհանուր ժողով այս խնդիրը քննելու4։

Երևակայիր, այս խնդրի մասին ոչ մի խոսք չկար «Մշակի» մեջ, մինչդեռ մանրամասը, ծաղկացրած, պատմած էր Մալումյանի հիմար (այո՛, հիմար) խնդիրը5։ Եվ այսպես-մարդիկ կան, չնչին մարդիկ, որոնց մեջ նախանձը մի սոլիտեր է։