Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/139

Այս էջը հաստատված է

Քեզ մի լավ պաշտոն եմ հանձնում։ Իմ «Արտավազդի» բանը լավ է երևում։ Դու այժմ մի երկրում ես, որտեղ շատ բան կլինի մնացած հին ժամանակներից։ Քո գիտեցած և լսած ժողովրդական երգերդ կգրես ու կուղարկես ինձ, քեզանից հիշատակ քո աքսորանքի օրերից։ Անհասկանալի բառերը բացատրիր, մեկ էլ գրիր ինձ, թե այդտեղ մեկին մյուսի վրա սիրահարեցնելու համար ինչ միջոց են գործ դնում կամ ինչ ծաղիկ և ինչպես. հետո ատել տալու համար3։

Տերտերն, Օլեն և բոլոր տանըցիք, և օրիորդներր շնորհավորում են զատիկդ և շատ են բարևում։

Արիստակեսի հոդվածի ղալմաղալը երևի կարդում ես4։ Պատկերներդ գրքերի հետ կուղարկեմ. Արամին ու Գրիգորին էլ կուղարկեմ։

Քո Հովհաննես

63. ԱՆՈԻՇԱվԱՆ ԱՐՈՎՅԱՆԻՆ

Թիֆլիս-Ժիտոմիր

1894, IV/17, Թիֆլիս

Սիրելի Անուշավան,

Շնորհավորում եմ զատիկդ. թող այսօրվան ի մեռելոց հարյալի անմահ գաղափարներր լինեն քո պանդխտության օրերի մխիթարանքը, նորա քարոզած համբերությունը լինի քո հոգու վահանը հուսահատության դեմ։

Ես գիտեմ, դու հավատում ես արդեն, որ տանջանքից հետո հանգստություն կա, որ խավարին կհետևի արևի շողը, որ աքսորվածին ազատություն կա, որ պանդուխտին վերադարձ կա. և այս բավական է։

Նամակումդ հարցրել էիր իմ կենցաղավարության մասին1։ Ինչ ասեմ, որ կարճ դուրս գա։ Շրջանս և առհասարակ բարեկամներիս թիվը շատ մեծացել է և այնքան սիրով են վերաբերվում, որ օրն ամենաքիչը մի քանի տան եմ լինում.