Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/140

Այս էջը հաստատված է

պատահում է, որ շաբաթներով տանը ճաշ կամ ընթրիք չեմ տեսնում։

Այսպիսի հանգամանքների մեջ ես չեմ կարողանում պարապել, մանավանդ սիրտս էլ չի տալիս։ Սակայն այս անվերջ անքուն գիշերները ինձ ա՜յնքան ռոմանների, բանաստեղծության նյութ են տալիս, որ թե ծովերը թանաք դառնան, անտառները գրիչ՝ չեն վերջացնիլ։

Մի քանի մեծ բաներ եմ սկսել։ Մեկով («Արտավազդ Բ») շատ հետաքրքրվեցին մեր պատմագետ լիտերատորները և առհասարակ գրականական շրջանը. շատ հավանեցին հիմնադրության ձևն ու եղանակը և խոստացան իրանց աջակցությունը, խորհուրդները, գրադարանները բաց անել իմ առջև2։

«Կենդանի թաղվածը» դու զուր ես կարծել, թե իմ կյանքիցն է. ինչու ես դու ինձ այդքան փոքրոգի կարծում, որի համար հանդիմանում ես3։

Ո՛վ չգիտենա, դու խոմ գիտես, թե ես որքան եմ դիմացել, համբերել, տարել կամ արհամարհել (թեև ինչից ես դժգոհ եմ եղել, ուրիշի համար երջանկություն կարող էր համարվել)։

Բարևիր Բագրատին, իմ կողմից շնորհավորի զատիկը։

Բարև մերոնցից։

64. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Ալավերդի-Թիֆլիս

1894, VII/20, Ալավերդու պղնձահանք

Սիրելի Ֆիլիպ,

Ճանապարհորդում եմ Անդրեասի և Սարգսի հետ (Սահակյանի, որ է կարկուտի գործակալ և Անդրեասի քենակալ)1։