Ես եթե Մխիթարին զգուշացնեի Եղսուն բան ասելու համար, հենց այն իրիկուն կզգուշացնեի, երբ պատմում էր ինձ մոտ, և եթե ես իմանայի, որ այդ նամակից հետո հանդիմանելու և նախատելու են Եղսուն, ես մի՞թե կգրեի… նա ինքն ի՞նչ է կարծում…
Եվ ինչու ես դու կարծում կամ ինձ հանդիմանում, թե ես գաղտնիք չեմ պահում ամուսնական. և այդ միայն նրա համար, որ Անդրեասին ես ասել եմ մի բան, որը նրան վաղուց հայտնի էր… Ես ինչ առիթներ եմ տվել քեզ, որ դու ինձ գրում ես, թե «մի՞թե մեղք է, որ քեզ մի գաղտնիք գրեմ… մի՞թե միշտ ամեն բան կասեն սրան նրան… մի՞թե մեր մեջ գաղտնիք չպետք է լինի և այլն և այլն»։ Վերջապես ինչո՞ւ ես դու ինձ վրա այսպիսի գաղափար կազմել։ Դու սխալվում ես, դու կտեսնես նույնիսկ այս գործի վերաբերությամբ, որ ես շատ գաղտնապահ եմ-նայած, թե որքան թանկ է գաղտնիքը կամ վտանգավոր։
Այսքանը այս մասին։
Գանք Արշակի հարսանիքին։ Անդրեասի նամակն ստացա քո նամակի հետ. Սահակյանի նամակը՝ 20-ին, իսկ Ղարաքիլիսա տված Անդրեասի հեռագիրը՝ 22-ին։ Անդրեասի նամակումն էլ ուրիշ բան էր գրած։ Էլ հասնել անկարելի էր, բայց թե որքան ափսոսացի և տխրեցի (մանավանդ 22-ի գիշերը), այդ ես գիտեմ, մեկ էլ նրանք, որոնց հյուրն էի այն գիշեր։
Մի ուրիշ տեղ էլ էի խաչեղբայր, այն էլ չհասա։ Նրանք էլ շատ նեղացան և… հետո կպատմեմ։
Օսանի աղջիկը մկրտեցինք, անունը դրինք Նվարդ։
Անդրեասը գրել էր, թե երեխաներն և դու շատ եք լղարել. այս շատ ծանր վիշտ է դարձել ինձ համար, համարյա ինձ էլ լղարացրեց, առանց այն էլ այս վերջին օրերս այնպիսի բաներ են պատահել հետս… որ համ, լղարել եմ, համ համարյա հիվանդացել։
Այս նամակը, եթե ամսույս վերջից մոտիկ ստանաս՝ էլ չպատասխանես, չի հասնիլ: