շաբաթը, հենց թեկուզ միայն նրա համարդ որ այդքան ժամանակ ես մեր տանն էի։ Դու արդեն գիտես (մասամբ), որ ես օրվան 24 ժամից միայն գիշերվան 4-5 ժամն եմ առհասարակ մեր տանը լինում։ Իհարկե, մինչև անգամ դու և իմ ընկերները ոչինչ չգիտեն համարյա, թե ինչն է ինձ հալածում մեր տանից, իմ ընտանիքից, թե ինչու ես գիշերներն այս ու այն ընտանիքում եմ անցկացնում, ցերեկները այս կամ այն տեղը։ Թե որքան անտեղյակ ես դու այդ մասին, ապացույց այն, որ գրում ես, թե տեր Հովհաննեսը կհամակրի իմ զարգացման գործին և մինչև անգամ (ո՜վ անմեղություն) կխնամի ընտանիքս՝ մինչև որ ես հասնեմ նպատակիս1։ Ինձ շատ վիրավորեցին քո այս խոսքերը, այս կարծիքը տեր Հովհաննեսի և առհասարակ իմ ընտանեկան շրջանի մասին, այդ սխալը, որ դու անում ես, իհարկե, հետևանք է իմ հպարտ, գուցե և հանցավոր լռության։
Դրանք իմ ունեցած շատ ու քիչ շնորհքի ամենանհաշտ թշնամիներն են, դրանք և ես երկու ծայրեր ենք, մի քանի ամենահակառակ ձայներ, որ մի տեղ են հավաքել մի երգ հորինելու համար․ ամենաանտանելի մի դիսոնանս։ Դրանք իմ հափշտակվող բնավորության և պատանեկան պարզամըտության ու՛ անկասկած հավատի աջակցությամբ ինձ դրել են մի այնպիսի դրության մեջ, որ շատ է ստոր իմ Հոգու համար, և շատ է զզվելի ամեն մի քիչ, շա՜տ քիչ ազնիվ մարդու համար, դրել են մի հոտած, ամուր գառագղում [1] և կռանչելով ծաղրում են իմ զգացմունքները ամեն րոպե, և ես ամեն րոպե ստիպված եմ լուռ աղաղակելու «լինե՞լ, թե՞ չլինել»։
Իմ միտքս այն չէ, որ մի քանի խոսքով նկարագրեմ իմ ընտանեկան վիճակի ծանր-ծանր պատկերն ու պատմությունը, և այդ ինչպես կարելի է։ Ուզում եմ ասել, որ շատ հրեշավոր է՝ երբ չկա հոգեկան ամենափոքր խաղաղություն, ավելի ճիշտը՝ երբ հոգին ամեն վայրկյան լիքն է
- ↑ Գառագեղ — բանտ, վանդակ։