Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/156

Այս էջը հաստատված է

հրատարակիչը վճարի, ես դարձյալ մերժեցի, գլխավորապես ձևը պատճառաբանելով։ Դուք վկա էիք իմ այն վարմունքին, որ ես թողեցի Վարդազարյանցի առաջարկած 80 ռուբլիանոց պաշտոնը և ընտրեցի Հրատարակչական ընկերության գրասենյակը 20 ռ. ռոճիկով, իբրև գրական շրջան9։ Էլ ուրիշ փաստեր չեմ բերում, ոչ էլ նրա վրա եմ գնում, թե Դուք երեք տարվան ընթացքում, որ այնքան մոտիկ ենք եղել, ի՞նչ փողասիրություն, ի՞նչ կասկածելի հատկություն եք տեսել կամ ի՞նչպես եք ճանաչել ինձ։

Միայն այսքանը Ձեզ գրելով, ես խնդրում եմ և հուսով եմ, որ Դուք «Մուրճի» առաջիկա №-ում հետ կառնեք Ձեր այն խոսքերը, իբրև թե Վարդազարանն ինձ այն ժամանակ ապահովում էր փողով կամ թեկուզ մտադիր էր ապահովելու և ես նրա համար հեռացա «Մուրճից»։ Խնդրում եմ հանուն այն բարեկամության, որ ունեցել ենք երբևիցե, ինձ չհարկադրեք անախորժ բացատրություններ տալու10։

Զեր նախկին աշխատակից և բարեկամ՝

Հովհաննես Թումանյան

Հասցես. Hopaшeнcкaя ул. д<о>м Гевондянца։

74. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս—Հին Նախիջևան

1895, IV/14 Թիֆլիս

Սիրելի Արսեն,

Երևի աոաջին նամակս քեզ վրա տխուր տպավորություն է թողել. բայց ինչու չես պատասխանում, մանավանդ, այդպիսի նամակները չի կարելի անպատասխան թողնել1։ Հիվանդության անկողնից նոր վեր կացած, վրդովված դրեցի այդ նամակը-այնքան մութը, որ պետք է մի քանի բացատրող նամակներ էլ գրեմ։ Հարկավ, հետաքրքիր կլինի քեզ համար, և ես կգրեմ ուրիշ անգամ։