Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/157

Այս էջը հաստատված է

Հիվանդությունից անմիջապես հետո Աղայանցի ցավով բռնվեցի՝ ինֆուլենցիայից հազիվ պրծած։ Նորա նյութական շատ նեղ դրությունը ուժերս ավելի շուտ կազդուրեց։ Միջոցների դիմեցինք, թե ինքն անձամբ, թե ես դիմեցինք բարեկամների և խնդրեցինք փոխառություն ապահով մուրհակով, որի տակ ստորագրում էր և Ն. Տեր-Ղևոնդյանը, որը 400 ռ. պետք է տա Աղայանցին մի քանի ամսից հետո։ Փոխառությունը, որքան իջեցրինք, տոկոսը բարձրացրինք, տվող չեղավ։ Մի քիչ էլ իզուր դես ու դեն ընկնելուց հետո ես մի հոդված գրեցի, գնացի «Մշակի» խմբագրատուն հոդվածս հավանեցին, իսկ միտքը՝ ոչ—ժամանակն առարկելով2։ Շատ հետաքրքիր է այս անցքը, թե ինչ պատահեց այնտեղ, այդ էլ մի ուրիշ անգամ կգրեմ, բայց հրաժարվելուց հետո մի լուր տպեցին, որ գուցե տեսած լինես3։

Դարձյալ ուրիշ անգամ կգրեմ, թե ինչ պատահեց Աղայանցի հետ սրանից հետո, միայն առայժմ այսքանն ասեմ, որ շատ հուսահատական էր և ցավալի։ Դու պետք է ներկա լինեիր այն տեսարանին, երբ ամեն կողմից մերժված, ընտանիքից ստացած նախատական նամակն առաջին, նա կոտրված ու լցված, մի քանի կցկտուր խոսքեր արտասանեց ու գլուխը ներքև թողնելով, սպիտակ միրուքը բռնած աշխատում էր հետ կուլ տալ արտասուքները, որոնք սակայն երևացին, որպես 33 տարվան գրական գործունեության հաղթանակի նշաններ։

Նրան թողեցի այս դրության մեջ, եկա պատմեցի երկու ընկերի և վճռեցինք ժողով անել։ Առավոտը, երբ գնացի պատմելու, թե ժողով ենք անում, մի ավետիք տամ, նա հայտնեց, թե ժողով չէր ուզում, բայց արդեն ուշ էր։ Ժողովն ընտրեց 4 հոգի, իմիջիայլոց և ինձ, բայց ես հանձն առա միայն քարտուղարության համար, որովհետև իմ անունը հարուստների մոտ հեղինակություն չի ունենալ։ Ինչևիցե, արդեն սկսված է գործունեությունը, բայց դու գիտես ինչ տեսակ է լինում ժողովի գործունեությունը, պաշտոնական, սառն ու դանդաղ։