Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/166

Այս էջը հաստատված է

Լսեցի, որ իմ դրած վաճառականությունը չես ընդունել3։ Ինձանից ավելի խելոք ես եղել։ Բայց եթե դու այստեղ ունենայիր մի այլ հավատարիմ, հմուտ ու փորձված մարդ, դարձյալ խորհուրդ կտայի, որ այստեղ մի գործ բռնեիր։ Այսպիսի դեպքեր քիչ կպատահեն։

Արդեն պատրաստվում ենք կամաց-կամաց, այսօրվանից մեր գալը հազիվ երկու շաբաթ տևի։ Ավելի շուտով էինք գալու, բայց մեր փոքրիկը (Արտավազդը) հիվանդացավ, սպասեցինք նրա առողջանալուն։

Տանըցիք արդեն վերադարձած կլինեն, ուստի բարևիր մեր կողմից մայրիկին, տիկին Շուշանիկին, օր. Մարիամին, Ստեփան Խրիստաֆորիչին, Գրիգոր Խրիստաֆորիչին, Լևոն...իչին և Աքելին։ Բարևում ենք նույնպես տիկին Լիզային ու պ. Սանդրոյին իրանց գերդաստանով։ Իսկ ինչ վերաբերում է քեռուն՝ ես կգամ կբարևեմ։ Առաջնորդը մեր տանն էր. մազալու բաներ կպատմեմ, գրելու տեղ չկա4։ «Հորիզոնն» ուզեց, «Բորչալվում» հոդվածը կարդաց ու հիշատակարանում նկատողություններ արավ։

Ի վերջո համբույրս։

Քո Հովհաննես

83. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Կարս-Թիֆլիս

<1895>, 20 նոյեմբերի, Կարս

Սիրելի Օլյա,

Վաղը կամ մյուս օրը Կարսից դուրս կգամ Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա և ապա Էջմիածին։ Էջմիածին գուցե մի քանի օր մնամ, հեռագիր կտամ, որ նամակ գրես Էջմիածին1։

Գիշերը հասա Կարս և իջել եմ մեր Մեխակի ու Նիկոլայի մոտ (Տիգրանի եղբայրները)։ Բարևում են նրանք և տիկինները, որ շատ ցանկանում են տեսնել, նույնպես և օրիորդները։ Ես շատ լավ եմ և ուրախ։ Այսքան այս մասին։