Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/167

Այս էջը հաստատված է

Տպավորություններիցս ի՞նչ գրեմ. այնքան շատ են և ես էլ այնքան ջարդված եմ, որ չեմ կարող գրել։ Մինչև Բորժոմ շատ լավ եկա, նրանից հետո ֆայտոնով էի, դարձյալ լավ էր, թեև ցուրտ էր։ Բորժոմից սկսեց ձյունը։ Ախալքալաքից մինչև Ալեքսանդրապոլ սահնակով եկա, բայց այնքան սարսափելի էր ճանապարհին ցուրտը, որ հետս վերցված մի շիշ գինին սառել, սառուց էր կտրել շշի մեջ, չկարողացա գեթ մի կաթիլ խմել տաքանալու համար։ Մի կայարանում երբ ուզեցի բաշլղը գլխիցս հանել, տեսնեմ սառել, կպել է երեսիցս. տաքացրինք, հալեցինք, որ այնպես պոկվեց։ Հակառակին, ինչպես պատմում են տեղացիք, հենց այդ օրերում այդպես բուք ու ցուրտ էր արել, որ իրանք էլ էին զարմացել։

Վահանին հետևիր, որ լավ սովորի։ Դարձյալ գրեմ՝ երեխաներին ու գրադարանս լավ պահիր։ Տանըցոնց և մեր բարեկամներին ու ընկերներիս բարևիր, համբույր քեզ և երեխաներին։

Քո Հովհաննես

<Հ.Գ> Սաստիկ ջարդված եմ, այսքանն էլ հազիվ գրեցի։

Ախալցխա յափնջի ու չոլվյակներ եմ առել, այնպես որ բավական տաք եմ։

84. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Էջմիածին-Թիֆլիս
<1895>, 30 նոյեմբերի, Էջմիածին

Սիրելի Օլյա,

Դիլիջանից գրեցի1, թե նամակ գրեցեք Էջմիածին-կստանամ։ 3-4 օր է այստեղ եմ, նամակի եմ սպասում և չկա։ Շուտով, գուցե վաղը կհեռանամ Էջմիածնից և մի քանի օրից հետո ճանապարհ կընկնեմ դեպի Թիֆլիս։ Մի