Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/171

Այս էջը հաստատված է

մեկն էլ ասեմ ու պրծնեմ։ Այսօր ներկայացա կաթողիկոսին. շատ երկար խոսացինք։ Վեհարանը շատ անվայել դրության մեջ է։ Դուրս գալուցս հետո վեհափառը մարդ էր ուղարկել մոտս թե՝ վաղն էլ արի մոտս, առանց ինձ տեսնելու չգնաս։ Իհարկե, ասացի, որ կերթամ։

Թերևս, մի քանի օրից հետո երեսս դեպի Թիֆլիս կարողանամ անել (այս գուցե)։ Բարևում եմ մայրիկին, տ. տ. Շուշանիկին, Լիզային յուր գերդաստանով, օր. Մարիամին, Ստեփան Խրիստաֆորիչին, Գրիգոր նույնիչին և Լևոնին, քեռուն, Աքելին և ով որ մոտդ կլինի։

Քո Հովհաննես

83. ՍԻՄԵՈՆ ՀՈՎՎՅԱՆԻՆ

Թիֆլիս–Բաքու

1895, դեկտեմբերի 12, Թիֆլիս

Սիրեցյալդ իմ Սիմեոն,

Արդեն վերադարձել եմ Թիֆլիս (գուցե դու գյուղից կարծես), Էջմիածին էի։ Տեսածներս ու տպավորություններս մի ուրիշ անգամ, իսկ այժմ այսքանը. եղա Հայրիկի մոտ. երկար խոսացինք, մյուս օրը ինքը կանչեց, և, իհարկե, ավելի երկար խոսացինք։ Բայց դու հասկացող մարդ ես, բանը խո երկարությունը չի1։ Արասխանյանցն էլ քեզանից երկար է, սակայն չկարողացավ երկու «Հաջիների» լավն ու վատը ջոկել, որ թարգմանելուց ավելի հեշտ է, և տպեց մի բան որ ինչպես պատմում են, գրաշարներն էլ էին ամաչում շարելիս2։ Ես մի քանի տող համեմատեցի քոնի հետ, և ճիշտ որ3… Դրանից պակաս չէր և «Մծիրին»4, որի մեջ, ինչպես ինքն ասում էր, Լ. Մանվելյանցն էլ յուր ոգին էր դրել, խմբագրինն ու թարգմանիչինն էլ խո կար ու կար, և ես կարծում եմ՝ սրանից է, որ փախել է Լերմոնտովի ոգին։ Այո՛, մի կենդանի խմբագիր յուր աշխատակիցներով միշտ կարող է մեռելների ոգիները հալածել. այն էլ մեր անխիղճ դարում։