Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/172

Այս էջը հաստատված է

Խե՜ղճ Սիմեոն, մի անգամ գործ ես ունեցել խմբագրության հետ և գրում ես՝ «որքան աչառ են մեր խմբագիրները»։ Մի քանի անգամից հետո ես հուսով եմ, պիտի գրես՝ «որքան մոզի են մեր խմբագիրները»։ Ես այդ կողմից ավելի եմ հառաջադիմել։

Պատվիրած բանդերոլով ուղարկում եմ քո մերժված «Հաջին»: Հրատարակիր քեզ մերժողներին խայտառակելու համար, թեկուզ դու էլ խայտառակվես, բան չկա։

Ես էլ եմ ուզում մի երկու փոքրիկ բաներ հրատարակել5։ Այժմ վերջապես առանձնասենյակ ունեմ ինձ համար, արձաններով ու պատկերներով շքեղազարդած։ Այժմ հասցես էլ է փոխվել, բարձրացել եմ դեպի վերև՝ Садовая ул.д. Щадиноба, № 38.

Ուզում եմ գալ Բաքու։

Իմ և գերդաստանիս կողմից բարևիր տղերանցը։ Թե Սհակն այդտեղ է, ասա՝ ձեր գեղումը շալվարս գողացան։

Ձկնորսս ի՞նչպես է. խո ցամաքաձուկը չի բռնում։ Մի ձուկը բռնեց մեր ձորումը, հետս բերել եմ, ի՞նչ անեմ։

Համբույրս՝

Քո Հովհաննես

87. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

1895. XII/13, < Թիֆլիս>

Ֆիլիպ,

Մի հոդված ունիմ՝ ուզում եմ յուր սկզբնական ձևով քեզ մոտ կարդալ. ե՞րբ ժամանակ կունենաս, որ շնորհ անես այցելել իմ սենյակը՝ կարդամ:

Քո Հովհաննես