Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/176

Այս էջը հաստատված է

91. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ

Թիֆլիս-Բոլնիս Խաչեն

1896, III/1 Թիֆլիս

Սիրելի բարեկամ,

Ես երեկ պետք է Բաքու գնայի, բայց չկարողացա, բարեբախտաբար ընկավ այսօր, այնպես որ եղբայրդ՝ պ. Սարգիսը, վրա հասավ։ Ափսոս որ ժամանակ չես ունեցել մի երկար նամակ գրելու, որ տեսնենք ոնց ես դրսից ու ներսից։ Մի Ժամից հետո Բաքու եմ գնալու, գլուխս շատ է խառնված1, բայց և այնպես մի քանի բան կաշխատեմ գրել։

Շիրվանզադեն ողջ ու առողջ բազմել է Սրնգի գահին, արձակված է առանց երաշխավորության և առանց գրավականի2։

Մենք էլ արդեն ձեռնարկել ենք գրքույկներ հրատարակելու գործին3. «Քյորօղլին» կազմել, հանձնել ենք ցենզորին4, մի փոքրիկ «Դաշնակների» նման գրքույկ էլ ենք ուզում կազմել քո մատնկական ոտանավորներից, բայց այս՝ Բաքվից գալուց հետո։ Ես էլ մի երկու բան եմ տվել5։ Քեզ համար Երուսաղեմից մի համաբարբառ Աստվածաշունչ է եկել, կաշխատեմ կենտրոնականից ստանալ, եղբորդ հետ ուղարկել6։ Աշխատիր առողջանալ և բան գրել։ Հիմա պետք է որ մուսադ մռայլած լինի և քնարդ հնչի ավելի ուժգին։ Լոքի ու Լալվարի շնչից մի քիչ փչիր այս նվաղած գրականության վրա. ինձ շատ է վշտացնում, որ դու ոչինչ չես գրում7։

Թե նամակդ մի տասն օրեն վրա կհասցնես (կամ երկու շաբթեն) գրիր, թե ինչպես կուզեիր «Քյորօղլին» հրատարակվեր. որը ետ, որն առաջ և այլն։

Ուրիշ մի նշանավոր բան չկա, որ հաղորդեմ։ Հարց է բարձրացել Կովկասյան գրողների ապահովության ֆոնդ հիմնել. «Кавказ»-ն է գործին գլուխ կանգնում։ Չեմ կարծում, թե դու էլ հավանեիր. եթե առանձին-առանձին թույլ տային, ավելի շուտ մի բան կդառնար։ Գոնե այժմյան հարաբերությունները