ընդունում էի քո որոշած նպաստները՝ շատ էի քաշվում, թեև դու ինքդ էիր այդպես սահմանել և միշտ էլ այնպես էիր տալիս, որ կարծես թե պարտ լինեիր։ Եվ շարունակ մի հնար էի մտածում, որ կարողանայի մեր կապն ազատել դրամական հարաբերությունից և չհարստահարել քո զգացմունքները, որ չեմ փոխիլ ոչ մի դրամական օժանդակության հետ։ Այժմ դու հավատա, որ ես թեև տակավին իմ որոնած հնարը չեմ գտել, բայց կատարվում է իմ սրտալի բաղձանքը-մնում է մեր հարաբերության զուտ բարոյական, աննյութական կողմը, որով միայն դու եզակի և անփոխարինելի ես եղել ինձ համար։ Այժմ միայն ես կարող եմ այսպես ազատ քեզ հայտնել իմ զգացմունքը, որը ոչ մի կերպ և երբեք քեզ չեմ ցույց տվել՝ թեկուզ լոկ մի գոհունակության խոսքով։
Վերջապես թող նեղանալու մասին խոսք չլինի մեր մեջ։ Քո նամակում եթե մի բան կա, որ ինձ նեղացնում է, հարված է տալիս, այդ այն է, որ ես լսում եմ, թե դու կարող ես ծանր դրության մեջ լինել։ Թեպետ, ինչպես երևում է, այդ ես չեմ իմանալու, բայց իմ ծանր վիշտը կլինի։ Այս վերջին վշտով և մտերմական անսասան սիրով՝
Ֆիլիպ,
Այսօր ամբողջ օրր տանն եմ լինելու, եկ ինձ մոտ. համ հիվանդ եմ՝ կտեսնես, համ էլ ես քեզ կտեսնեմ ու կխոսանք, կկարգադրենք գործերը։ Թեկուզ հենց հիմա արի. Պռոշի հետ էլ խոսացի, Փիրումյանի հետ էլ։