Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/190

Այս էջը հաստատված է

103. ԲԱՔՎԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆ

ԽՈՐՀՐԴԻՆ

Թիֆլիս-Բաքու

Բաքվի հայոց մարդասիրական ընկերության հարգելի խորհրդին

Ստացա հարգելի խորհրդիդ այս Մարտի 18-ին գրած № 32 գրությունը և պ. Հ. Մելիքյանի միջոցով փոխադրած 120 ռուբլի կիսամյա թոշակը, որ ընկերությունը հատկացրել է իմ անդրանիկ որդուն1։ Նամակիս հետ ահա ուղարկում եմ այդ գումարի անդորրագիրը և խորհրդիդ պահանջած տեղեկությունները իմ որդու մասին2։ Նա ծնվել է 1889 թ. օգոստոսի 15-ին, անունը Մուշեղ է և անցյալ տարվանից սովորում է քաղաքումս օր. Տեր-Հովսեփյանի պանսիոնում։

Ինչպես հարգելի խորհուրդդ գրում է, ընկերությունը յուր այս որոշմունքով նպատակ է դրել թեթևացնել իմ ընտանեկան հոգսերը, որ ես բացառապես գրականությամբ զբաղվեմ։

Ինչ վերաբերում է բացառապես գրականությամբ պարապելու խնդրին, դրա համար կարող է ապահով լինել ընկերությունը, որովհետև այդ արդեն որոշված է իմ ներքին հակումներով ու զգացմունքներով, այն հոգեկան հատկություններով ու սիրով, որով բնությունը անխզելի պայման է հաստատել իմ և գրականության մեջ։ Բայց երբ գրողի ոգևորության վրա ծանրանում են ամենօրյա կենսական հոգսերը, այդ սերն ու խանդը դառնում են անպտուղ, դառն հուզմունքների աղբյուր, և առաջացնում են մի հարատև կռիվ, որի մեջ ընկած գրողը չի կարողանում յուր կոչմանը ծառայել։ Այս լավ զգալով, ընկերությունդ յուր այս տարվա կայացրած վճռով վրա է հասնում օգնության այդպիսի գրողներին, իմիջիայլոց և ինձ։

Ես, ինչպես անցյալները գրել եմ և խորհրդիդ արգո անդամ պ. Աբելյանին3, ոչ մի նշանավոր անցյալ ունեմ և