շարունակվում է, ես էլ կամաց-կամաց մի կողմից պատրաստում եմ. գրքի գինը նշանակել եմ 25 կոպեկ. կարծեմ արժան է լինելու, որովհետև գիրքը բավականին մեծ կլինի և մաքուր ու թանկագին թղթի վրա տպած։ Գլխավորները կլինեն. «Մեհրին», «Լոռեցի Սաքոն», «Ալեքը», «Ավանդությունը», «Արև ու Լուսին», և ուրիշ բանաստեղծություններ, որոնց մի քանիսը քեզանից հետո է գրված4։ Էլ ուրիշ ի՞նչ ասեմ։ Մամուլի մասին, որ մի՛ խոսալ. այնքան եմ զզված, որ չեմ ուզում կարդալ և ոչ մեկը դրանց մասին, որպեսզի կարճ կտրեմ, այստեղ եմ դնում մի տուն իմ ոտանավորից.
|
Մի խոսքով, եթե երբևիցե կամենաս, ես քեզ կպատմեմ սրանց ձեռք առած միջոցներից իմ գիտեցածները, որոնցով կռվում են իրար դեմ՝ իրար խորտակելու նպատակով, այն տեղեկությունները կտամ, որոնք քեզ չեն հասնելու։ Բայց ես ավելի լավ եմ համարում, որ թույլ տանք մեռելոց թաղել զմեռեալս իւրեանց6, և մենք, թեև քաղցր է հասարակության ցավով տնքալ, մեր տկար ուժերի կազդուրելու և ազգի և մարդկության բարօրության օգտին գործադրելու մասին մտածենք։ Թող գնայուն մեռյալներն ասեն, թե ծակ ֆիլանտրոպներ ենք և այլն։ Բայց այս է մարդուս կյանքի խորհուրդը, մենք պարտավոր ենք մեր բանականությունը զարգացնել և միշտ հառաջ ու հառաջ դիմել դեպի կատարելության սահմանները՝ դեպի Աստված, թեև երբեք չենք հասնելու։ Սա մի աքսիոմա է, որ խոստովանում և դավանում են մարդիկ, ինչ էլ որ լինեին նրանք, և դրանով նրանք ամեն բան վերջացած են համարում, իրանց բարոյական պարտականությունը կատարած են համարում։ Բայց թող նրանց լռեցնի մեր մեծ վարդապետը— «Հավատք առանց