Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/213

Այս էջը հաստատված է
1 8 9 9
118. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ
Թիֆլիս–Բաքու
<1899>, 20, <26>/3, Թիֆլիս

Սիրելի Արսեն,

Բաներս թարս են։

Առհասարակ կարծում են, թե բանաստեղծները ավելորդ բաներ են ասում «հանգի» համար, բայց այս հանգը, նրանցից չի։

Պարտքատերերիս մի քանիսի համբերությունը հատել է. նրանցից մեկը մինչև անգամ ուլտիմատում է դրել առաջիս։ Ես էլ մտածեցի, քո վերջին հուսադրություններից հետո, գրեմ քեզ, գուցե կարողանում ես մի բան անել։ Ասացիր մի գումար կա, որից կարող էիր ինձ մաս հանել, եթե, ճշմարիտ, կարող ես՝ աշխատիր մինչև զատիկ ինձ մի բան հասցընել։ Մի խոսքով, չեմ երկարացնում, միայն թե՝ չկարողանաս, էլի շուտ մի տեղեկություն տուր։

Կաթողիկոսն երեկ գնաց Էջմիածին1։

Թիֆլիսում ուրիշ նորություն չկա. մին էլ այն է, որ Բարեգործ<ական> ընկ<երություն> բաց արին2։

Բայց վարդապետ մարդու համար գուցե մեծ նորություն լինի այս։ Անցյալ օրը քո մասին խոսք է ընկնում մի տիկնոջ հետ և նա խոստովանում է, որ մի ժամանակ անտարբեր չէր դեպի քեզ… Վա՛յ քո տունը քանդվի։

— Իսկ հիմա՞…

— Հիմա… այնպես էլի…