Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/225

Այս էջը հաստատված է

քահանայի չափ կարևորություն կտան, թող փորձեն նրա կեսը, ինչ որ դրին թատրոնի վրա, դնեն գրականության վրա ու տեսնեն, թե բան չի դուրս գալ՝ կտրեն։ Վերջապես գրականություն ուզող ու հասկացող ժողովուրդը մի ձևով պետք է խրախուսի այդ գործը, թե չէ այդ կլինի ավելի, շատ ավելի քան վաշխառությունը, բռնաբարությունը, ավազակությունը։ Այդ կլինի մի զարհուրելի դրամա, այդ հասարակությունը կնմանի մի մոլոխի, որ ինքը սառն ու անհոգի մի ոչնչություն, անզգա մի տարր՝ և մարդազոհեր է պահանջում, անմեղ կյանքեր է կլանում:

Ուրիշ բաների մասին այժմ չեմ գրում. առայժմ պատասխանիր իմ նամակին, որ ես կարողանամ մի վճռական կարգադրություն անել, իմ լինել չլինելու խնդիրր վճռել։ Ինձ թվում է, որ ես մոլորված եմ եղել, աշխատիր լուրջ լինել, հիմնական, հաստատուն բան դրել և ոչ թե զանազան ենթադրություններով ու հույսերով դարձյալ խճճել այս դրության մեջ2։ Ինձ օգնիր այս խնդիրը լուծելու գործում։ Եթե գրականությունն այժմ շատ էլ կարևոր չի մեր հասարակության համար և մասնավորապես էլ ես ոչինչ եմ գրականության համար, թող հասարակական վարձ ու նպաստը ավելի լավ նպատակների ծառայի, ինչպես եղել է մինչև օրս, իսկ եթե գրականություն ձեզ է պետք և գրողն էլ գրականությանը՝ համեցեք հաշիվ տանք մեր պարտականությունների մասին, ոչ թե ողորմության խնդիր դնենք, ինչպես սովոր են ասել առանց ամաչելու, թե խոսքն ընչի և ում մասին է։

Հասցես՝ Бебутовская 50:

Քո Հովհաննես

127. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

<1900, փետրվարի վերջեր, Թիֆլիս>

Ֆիլիպ,

Իմ աշակերտուհիներից մեկը (I գիմնազիայի X դասարանիցն է) պետք է առաջին կիսամյակը 33 ռ. վճարի. երկու