Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/228

Այս էջը հաստատված է

համար գրել2։ Մի նամակ գրիր, բոլորիդ մասին մի տեղեկություն տուր, թե ինչ եք, ոնց եք։ Գրիր Շուլավեր։

Համբույրս՝
Քո Հովհաննես

131. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Դսեղ-Բորժոմ

<1900>, 5/VIII, Դսեղ

Հարգելի Մարիա Մարկովնա,

Վաղուց կլինեի Ձեզ նամակ գրած, բայց ինչ որ եկել եմ ոչ հանգստություն եմ ունեցած և ոչ ժամանակ։ Շատ անգամ ասում են՝ մի՞թե մի նամակ գրելու ժամանակ չկար. այդպես ասողներր ժամանակ բառը այստեղ լավ չեն հասկանում, խոսքը ժամանակի տարածության մասին չէ, իհարկե։

Եկած օրիցս անդադար հյուրեր են եկել խմբերով-շարունակ նրանց մասին հոգալով, նրանց հետ այս ու այն կողմ ման գալով, ցույց տալով եմ եղել զբաղված։ Դրա վրա թե ավելացնենք և այն, որ երեխաներիս մեծ մասը հիվանդացան, մրսեցին երևի, և մի քանի ուրիշ անախորժ հանգամանքներ, որ գրելու բաներ չեն, բայց ամենից ավելի մեծ նշանակություն ունին (դուք գիտեք, որ մարդկանց կյանքում մեծ նշանակություն ունեցող բաները շատ անգամ չնչին են լինում կամ այդպես են համարվում). մի խոսքով այս բոլորից կեզրակացնեք, թե ինչու ժամանակ չեմ ունեցած։

Այստեղով անցավ Հայրիկը (կաթողիկոսը), խոսեցինք Ձեր մասին. հանձնարարեց, որ Ձեզ բարև գրեմ, գրեմ, թե Հայրիկին հանդիպեցի մի այսպիսի գյուղում, ասում էր այս գեղեցիկ լեռներր թողած ինչ եք անում այդ հոտած Բորժոմում։ Հոտած-ը նրա գործածած բառն է։ Մի երկու անգամ նկարեցի, բայց դեղ չունեի մոտս, միայն մինն է հաջող դուրս