Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/23

Այս էջը հաստատված է

թե՝ գրելիս ինձանից էլ շատ բարով գրի։ Էս անդեր քաղաքը մի շոգ ա, որ էլ դավի չունեմ. ճաշադեմին լիզուներուս կես գազ քաշ ենք անում։ Բարձրագույն և բարձր դասակարգերը ամառանոցներն են քաշվել, բացի գրականական փահլևաններից, որոնք քանի «խալվաթ ա» աշխատում են իրար տուն կտրեն… «Նոր դարումը» կկարգեիր «Աղբյուր» «Տարազովիչի» խմբագիր Տիկլան Նազարյանցի՝ «Արձագանքի» խմբագրի դեմ հարձակվելու կամ, ավելի ճիշտ, պաշտպանվելու մասին3։ Պ. Թադոմեսը (այսպես է Տիկլանի կեղծ անունը) իմիջիայլոց հարցնում է «Արձագանքի» խմբագրին, թե ինչո՞ւ է յուր հոր փողերը կերել կամ յուր ընտանիքում ինչո՞ւ քաղաքավարի չէ խոսում… Որքան ողորմելի են այս մարդիկը. որքան ցավալի է մեր դրությունը… Չգիտեմ՝ որքան ճիշտ է, այստեղ շշուկ կա, թե «Նոր դարը» կառավարությունը դադարեցնում է4։

Անցյալ երեկոյան «Մուրճի» խմբագրատանն էինք (ես ու Սիմեոն Հովվյանը). ջերմ վիճաբանություններ տեղի ունեցան բանաստեղծության և բանաստեղծների մասին. գլխավորապես խմբագիրը և ճեմարանի ուսուցիչ Լիսիցյանն էին վիճում. վերջինս հերքում էր փաստերով «Մուրճի» բանաստեղծների բարձրությունը և ինքնուրույնությունը, որ սակայն Արասխանյանը պաշտպանում էր ամենայն ուժով։ Լիսիցյանը պահանջում էր, որ տպվեն առայժմ բոլոր երիտասարդ բանաստեղծների ուղարկածները, որպեսզի նրանք սիրտ առնեն և իրանց գույնով ու ուժով մտնեն ասպարեզ և այն ժամանակ կարելի լինի իմանալ, թե որն է նրանցից իսկապես բանաստեղծ, և ոչ թե հետ ուղարկել, վախացնել և արհամարհանքով խորտակել նրա ունեցած-չունեցած ձիրքը։ Վերջապես նկատվում է, որ բանաստեղծությանը մեծ նշանակություն են տալիս այժմ մեր գրականական մարդիկը (այսինքն իրան նշանակությունը)։ Իմ տետրակն արդեն ուղարկված է Մոսկվա տպագրելու5. Աղասին գովեստներ էր շռայլում իմ բանաստեղծությունների մասին։ Հետո քեզ կուղարկեմ իմ նոր գրածներից (տետրակից հետո), ի թիվս այլոց

19