Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/235

Այս էջը հաստատված է

այս բոլորին և ոչ էլ բանաստեղծության օրեր են սրանք: Եվ ապարդյուն ու անպտուղ կանցնեն իմ օրերն, ինչպես անցնում են արդեն, շարունակ ծրագիրներ կազմելով ու հապճեպ դես ու դեն ընկնելով, թե կարգի եմ դնում իմ խանգարված դրությունր։ Նյութական նեղությունների հետ բարդելով բարոյական ճնշումներն ու վիրավորանքները։ Այս բոլորը նրա համար չեմ ասում, որ դու մի բան անես դու արդեն ավելի շատ ես զգում ու հոգում, ավելի շատ եո միջամտում, քան մի անձնվեր բարեկամ և ավելի՝ քան վայել էր մեր աշխարհքի՝ նույնիսկ ամենալավ մարդկանց-այլ ինչպես խոսում են մի անբուժելի հիվանդության մասին, մի ճակատագրական, անմերժելի դեպքի մասին։ Այն էլ չկարծես, թե ես հուսահատված եմ-իսկի, այլ միայն շատ վշտացած, որ այս այսպես է։ Իսկ թե այսպես պետք է լինի և ոչ այլապես՝ այդ ինձ համար խնդիր չի։ Նույնիսկ ամենալավ դեպքում-ինչ որ մտածել ես դու օրինակ թե սա կամ նա ձեռնտու լինեն, դարձյալ ծանր է լինելու։ Ես քեզ մի դեպք կպատմեմ, թե ինչպես մի մոտիկ մարդու օգնություն ինձ այնպես վրդովվեց, վիրավորեց, որ եթե մի որևէ շնորհք ունեմ կամ ձիրք՝ գլխիցս թռավ, ու մինչև օրս այդ անցքի թարմ տպավորությունը մնում է ինձ վրա բռնացած։

Ո՞վ է մեղավոր-ոչ ես, ոչ նրանք։ Նրանք այնպես են հասկանում, ես այսպես եմ զգում։ Մեր աշխարհքն այսպես է, լավերն այդպես են արդեն. մի մեծ խորթություն կա, ոչ մի փիլիսոփայություն չի հաշտեցնիլ մեզ, այլ ավելի կպաղեցնի ու կհեռացնի։ Եվ արդեն ես շատ եմ հեռու։ Դու երևակայել չես կարող, որ ես զարմանալի կեղծ եմ։ Ես լսում ու ժպտում եմ մեկին, հենց երբոր իսկապես ծիծաղում եմ նրա վրա ու արհամարհում, ես շատ կարևոր մարդու տեղ եմ դնում մեկին՝ հենց միաժամանակ իսկապես ոչինչ, մի չիք համարելով, վերջապես միշտ, գրեթե միշտ, այսպես, ասես թե ես չեմ ապրում, այլ մի դեր եմ կատարում, մի շատ հիմար դեր, որ տվել են մի ողբերգակ դերասանի մի վոդևիլի մեջ։ Ես ինձ այդպես եմ զգում։ Մի ժամանակ ինձ